Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը չի մեղադրում իր պաշտպանյալի գործով ներգրավված հանրային պաշտպանին, որ չի հրաժարվում դատարան ներկայանալուց:
«Տպավորություն ունեմ՝ դատավորը չի հասկանում ինչ է կատարվում, ասում է՝ արդյունավետ պաշտպանություն պետք է իրականացնենք, մինչդեռ դատավորը գիտի՝ հանրային պաշտպանը չի հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ, լիազորված չէ նրա կողմից պաշտպանություն իրականացնել, բայց նման պայմաններում դատավորը պարտադրում է՝ փաստաբանը պաշտպանություն իրականացնի, սա ծիծաղելի է: Ինչ կարող էր անել տվյալ դեպքում հանրային պաշտպանը՝ կամ պետք է նստեր, կամ պետք դուրս գար նիստերի դահլիճից, երկու դեպքում էլ որեւէ բան չէր փոխվելու, եթե դուրս գար, կստանար կարգապահական դիմում, մի ուրիշը կլիներ նրա փոխարեն»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ցույց է անցկացրել Սեֆիլյանի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի տան դիմաց, որ վերջինս չի հրաժարվում դատարան գալուց:
Անդրադառնալով քննադատությանը, որ Մարինե Թովմասյանը դատարան գալով՝ նպաստում է, որ Սեֆիլյանը դատվի՝ առանց պաշտպանության՝ Տիգրան Հայրապետյանն ասաց. «Ինքը դատարանում հայտարարել է՝ ես պաշտպան չեմ, այս դեպքում դատավորը չպետք է իրեն պաշտպան նշանակի, բայց դատավորն ասում է՝ ոչինչ նստի, բայց պաշտպանություն մի իրականացրու: Ժիրայր Սեֆիլյանի շահերի համար սա լավագույն նվերն էր, որ մենք կարող էինք ունենալ եվրոպական դատարանի դիմելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ