Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:
Հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մասին զեկուցեց ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Նա նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը հայապահպանությանն ուղղված գործունեության շրջանակներում իրականացնում է տարածաշրջանային կրթամշակութային ծրագրեր: Նախորդ տարիներին մշակվել և հաջողությամբ իրականացվել են «Աջակցություն Մերձավոր սփյուռքին» (2010-2017թթ), «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» (2009-2012թթ), «Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» (2013-2014թթ), «ԱՊՀ հայ համայնքներում կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» (2012-2015թթ.), «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին (Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքներ)» (2016-2017թթ.), «Եվրասիական տնտեսական միության երկրների հայ համայնքների կրթամշակութային զարգացմանն աջակցություն» (2016-2017թթ.) ծրագրերը:
Անդրադառնալով հայապահպանության և հայադարձության հարցերին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Այն բոլոր կազմակերպություններին, ում հետ աշխատում ենք, առաջարկեցինք հայադարձության ծրագիր, որն ընդգրկել ենք մեր հայեցակարգում, ամրացնել կապը համայնքների հետ, խառնամուսնություններից ծնված երեխաների մոտ ուժեղացնել հայկական գենը: Հայադարձության ամենագլխավոր ազդակը, որ ուղարկել ենք աշխարհին, հետևյալն է. «Հայը նա է՝ ով իրեն հայ է զգում»: Շատերը հայտարարեցին իրենց հայկական ծագման մասին: Մեր ամենամեծ օգնականները պիտի լինեն Սփյուռքի կազմակերպությունները»:
ՀՀ սփյուռքի նախարարության «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագրի կատարման ընթացքի մասին ցեկուցումով հանդես եկավ Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վ.Վարդանյանը:
Զեկուցողը նշեց ոլորտում առկա հիմնախնդիրները՝ անդրադառնալով Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և տարածման օրակարգային խնդրին։ «Սփյուռքահայության ստվար հատվածը չի տիրապետում կամ մասնակիորեն է տիրապետում մայրենի լեզվին։ Գրականությունը հաճախ արևելահայերեն է և աբեղյանական ուղղագրությամբ, որին սփյուռքահայության ստվար մի զանգված վատ է տիրապետում, ինչն էլ լրացուցիչ խոչընդոտ է սփյուռքի տարբեր հատվածների և հայրենիքի միջև շփման համար: Հայկական սփյուռքի տարբեր հատվածներում լեզվապահպանության խնդրի լուծման առաջնային միջոցներից է առցանց բազմալեզու բառարանների նոր ձևաչափի ստեղծումը հայերենի և այլ լեզուների միջև: Այս ծառայությունները մեկտեղված են www.translator.am հասցեում գործող ինտերնետային փոխարկիչ ծրագրի գործառույթներին զուգահեռ», – հավելեց նա:
«Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գործունեության մասին զեկուցեց «Հայերն այսօր» էլ. պարբերականի գլխ. խմբագիր Լ.Աբրահամյանը: Անդրադառնալով կայքի նպատակներին, խնդիրներին՝ զեկուցողը նշեց, որ պարբերականը Հայաստանում գործող միակ պետական լրատվամիջոցն է, որն ունի արևմտահայերեն տարբերակ: Վերջինս միտված է Սփյուռքի նախարարության՝ արևմտահայերենի պահպանության քաղաքականության իրականացմանը:
«Նպատակակետ ունենալով բացառապես համայն հայության գերակա շահը՝ «Հայերն այսօր»-ի աշխատանքային կարևոր սկզբունքը համագործակցությունն է Սփյուռքում և Հայաստանում գործող մշակութային, գիտական, ուսումնական կառույցների, համահայկական կազմակերպությունների հետ», – նշեց զեկուցողը
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Սփյուռքի նախարարության հետ հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների համահայկական հերթական «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների վերաբերյալ զեկուցում ներկայացրեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վ.Աղայանը: Զեկուցողը նշեց, որ «Մրցանակաբաշխություն 2016»-ը թեմատիկ մրցանակաբաշխություն է և անց է կացվել «Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» նշանաբանով: Այն նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին: Մրցանաբաշխության հիմնական նպատակն է նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու գործում գիտության, գրականության և մշակույթի դերի բարձրացմանը, Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը:
Մրցանակաբաշխությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան, Գրողների միությունը, ՀՀ Կոմպոզիտորների միությունը, Կինեմատոգրաֆիստների միությունը, Նկարիչների միությունը և Ժուռնալիստների միությունը:
Մրցանակաբաշխությունն անց է կացվում ՀՀ Կրթության և գիտության, Մշակույթի նախարարությունների հետ համագործակցությամբ:
«Արդյունքները ցույց են տալիս, որ ներկայացված գրեթե բոլոր նյութերը արտացոլել են Հայաստանի անկախության պատմական նշանակությունը, մեր հերոսական ժողովրդի ձեռքբերումները, համայն հայության միասնությունն ու միաբանությունը` հայոց պետականության կայացման, համազգային նվիրական նպատակների իրականացման համար: Աշխատանքներում արտացոլվել են նաև համազգային շահերի շուրջ հայության երեք հատվածների` Հայաստան, Սփյուռք, Արցախ համախմբման համար անհրաժեշտ խնդիրների վերլուծությունն ու դրանց լուծման եղանակների հիմնավորումները: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել է 42 մլն դրամ», – հավելեց Վ. Աղայանը:
Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց սփյուռքյան կառույցների և անհատների մասնակցությունը նախարարության ծրագրերին, համահայկական մրցանակաբաշխությանը:
Նախարարն անդրադարձավ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվող «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք հերթական վեցերորդ համահայկական համաժողովի
աշխատանքներին, կազմակերպական և բովանդակային հարցերին:
Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ անելիքներ շատ կան, Սփյուռքում հայապահպանությանը նպաստող առաջնահերթ խնդիրներից մեկն էլ հպարտ, հաղթող հայի կերպարի կերտումն է:
ՀՀ սփյուռքի նախարարություն