Լրահոս
Օրվա լրահոսը

Արգանդի պարանոցի քաղցկեղը լուրջ խնդիր է նաև Հայաստանում

Օգոստոս 31,2017 18:30

Կայացել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ ազգային խորհրդակցություն՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխամասային գրասենյակի փորձագետ պրոֆեսոր Պաուլ Բլյումի և եվրոպական տարածաշրջանային գրասենյակից Օլեգ Բենեշի և Շվեդիայից պրոֆեսոր Ջոհակիմ Դիլների, ԱՀԿ  երևանյան գրասենյակի տնօրեն Եգոր Զայցևի մասնակցությամբ:

Փորձագետները ներկայացրել են, որ աշխարհի 71 երկրում, այդ թվում 33 եվրոպական, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում վերջին 10 տարվա ընթացքում իրականացվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ մոտ 270 մլն դեղաչափ  պատվաստում, որի արդյունքում հավաքագրվել են վերջինիս անվտանգության և արդյունավետության վերաբերյալ համոզիչ փաստարկներ, ապացուցվել է պատվաստանյութի արդյունավետությունը` արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հարցում:

Արգանդի պարանոցի քաղցկեղը լուրջ խնդիր է նաև Հայաստանում: Հանրապետությունում կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների մեջ արգանդի պարանոցի քաղցկեղն իր տարածվածությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Հանրապետությունում տարեկան գրանցվում է արգանդի պարանոցի քաղցկեղի մոտավորապես 250-300 նոր դեպք։ Անհանգստացնող է հատկապես այն փաստը, որ առաջնակի հայտնաբերված դեպքերի 70%-ը քաղցկեղի զարգացման երրորդ կամ չորրորդ փուլերում են։

Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումը և վերահսկումը պահանջում է համալիր մոտեցում: Խորհրդակցության ժամանակ կարևորվել է Առողջապահության նախարարության նոր նախաձեռնությունը՝ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրումը դեռահաս աղջիկների շրջանում: Նշվել է, որ այն, ի լրումն կանանց շրջանում իրականացվող սկրինինգային ծրագրի, հնարավորություն կտա կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը հետագայում երիտասարդ կանանց շրջանում՝ ապահովելով արգանդի պարանոցի քաղցկեղի արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում:

Խորհրդակցությանը մասնակցել են առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ինչպես նաև ԱՀԿ հայաստանյան գրասենյակի մասնագետները:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031