Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն անդրադարձավ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում դիալիզ ստացող հիվանդների բարձրացրած խնդիրներին:
Հիշեցնենք, որ հիվանդները նախօրեին բողոքի ցույց էին արել առողջապահության նախարարության շենքի մոտ եւ դժգոհում էին, որ «Աստղիկում» դիալիզի՝ պետպատվերի գումարը վերջացել է, հիվանդներն այլեւս չեն կարող այս բուժկենտրոնում անվճար դիալիզ ստանալ, իսկ եթե ուզում են շարունակել այն, ապա յուրաքանչյուր դիալիզի համար պետք է վճարեն 18 հազար 100 դրամ::
Այս առնչությամբ նախարարը վստահեցրեց՝ «2 շաբաթ առաջ կառավարության որոշումով կատարվել է պետպատվերի վերաբաշխում եւ եւս 280 միլիոն դրամ ուղղվել է դիալիզի հիվանդներին օգնելու նպատակով: Դա նախատեսում է մոտ 11 հազար սեանս, որը պետք է օգնի հիվանդին»:
Նախարար Ալթունյանը վստահեցրեց՝ խնդիրը քաղաքացիների ոչ լիարժեք իրազեկված լինելն է:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ երաշխավորո՞ւմ է, որ մինչ տարեվերջ նման խնդիր չի լինի, Ալթունյանն այսպես պատասխանեց՝ «Բոլորս պետք է հիշենք՝ առողջապահությունն ապրում է սահմանափակ բյուջեի պայմաններում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ