Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական կողմի կրակոցները գյուղի ուղղությամբ չեն եղել». Արծրուն Հովհաննիսյան

Օգոստոս 31,2017 17:22

«Ադրբեջանական կողմի կրակոցները գյուղի ուղղությամբ չեն եղել: Դրանք հիմնականում եղել են դիրքերի ուղղությամբ »,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ մշտադիտարկման ընթացքում Ադրբեջանի կողմից Չինարիի ուղղությամբ կրակ բացելուն` պարզաբանեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմը խաղաղ բնակավայրերում և խաղաղ բնակչության շրջանում որևէ կորուստ չի կրել: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ի վերջո, ԵԱՀԿ դիտորդական խումբն իր առաքելությունն իրականացրել է:

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեցինք` սա նախադեպայի՞ն իրադարձություն է, թե՞ էլի է եղել, երբ մշտադիտարկման ընթացքում ադրբեջանական կողմից կրակ են բացել, պարոն Վրթանեսյանը պատասխանեց. «Սա շարքային իրադարձություն չէ, բայց տարիներ առաջ էլի են նման բաներ եղել: Մեծ հաշվով որևէ լուրջ, անմիջական հետևանք Ադրբեջանի համար չի ունեցել: ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնուամենայնիվ, միջնորդական կառույց է և ըստ իր մանդատի` չի կարող ինչ-որ պատժիչ գործողություններ իրականացնել, նույնիսկ քննադատող կամ մեղադրական հայտարարություններ անել, քանի որ այդ պահից սկսած կդադարի միջնորդ լինելուց: Իսկ ադրբեջանցիները հենց դա էլ ուզում են, որ հակամարտության լուծումը տեղափոխեն այլ հարթակներ, որտեղ, օրինակ, Թուրքիայի դիրքերն ավելի ուժեղ կլինեն»:

Մեր հարցին` ինչպե՞ս կարելի է օգտագործել այս միջադեպը հօգուտ հայկական կողմի, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Ցանկացած դեպքում գուցե կուլիսներում ինչ-որ քննադատություն հնչի, բայց պաշտոնապես չեմ կարծում: Կարող է ինչ-որ չափով փակագծերը բացելով` ինչ-որ հայտարարություն անեն: Դա դիվանագիտական այնպիսի խաղ է, որն ունի իր կանոնները: Նույնիսկ այն, որ նմանատիպ միջադեպերը, եթե արձանագրվեն ու հիշվեն, ինչ-որ պահի դա օգտագործվում է ի վնաս հաղթող կողմի էլ: Այնպես չէ, որ դա լրիվ անհետ կանցնի, կմոռացվի, այլ հարց է, թե ազդեցությունն ինչ աստիճան և ինչքան կլինի, և արդյոք առիթ կլինի, որ դա օգտագործվի»:

Մեր այն դիտարկմանը, եթե ադրբեջանական կողմն արդեն մշտադիտարկման ընթացքում է կրակ բացում, հետևաբար կարելի՞ է եզրահանգել, որ նրան զսպելու մեխանիզմները գրեթե սպառվել են, պարոն Վրթանեսյանը պատասխանեց. «Չէի ասի, քանի որ, եթե նայենք նախորդ խախտումին, ապա հստակ դինամիկա, զարգացում դժվար է ֆիքսել: Եղել է ապրիլյան պատերազմ, բայց դրանից հետո երկար ժամանակ զսպվածություն է եղել: 2014-ի օգոստոսյան կռիվներ են եղել, որից հետո երկու-երեք ամիս ինչ-որ չափով հետևում էին, և հրադադարը գրեթե չէր խախտվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031