Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա ապօրինի որոշում է». դատավորն ի հակառակ «Սասնա ծռերի» կամքի՝ հանրային պաշտպան ներգրավեց

Օգոստոս 31,2017 17:00

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող  «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով  նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց մերժել իր դեմ ավելի վաղ ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Այսինքն, նիստը շարունակելու է նախագահել Արտուշ Գաբրիելյանը:

Այնուհետեւ նա Սերգեյ Կյուրեղյանին հիշեցրեց՝ իր համար հանրային պաշտպան են հրավիրել՝ Լիանա Գասպարյանին. համաձա՞յն է, որպեսզի վերջինս լինի իր պաշտպանը: Կյուրեղյանը պնդեց, որ իր պաշտպանը Մուշեղ Շուշանյանն է, որը խուզարկվելու պատճառով չի ներկայանում, եւ ինքը Շուշանյանից չի հրաժարվում:

Լիանա Գասպարյանի առնչությամբ Կյուրեղյանը դիրքորոշում չհայտնեց, ու ոստիկաններն ուղեկցեցին նրան, քանի որ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար որոշակի ժամանակով հեռացված է նիստերի դահլիճից: «Հաշվի առնելով, որ նա դիրքորոշում չհայտնեց, եւ ենթարկված է սանկցիայի, իսկ այդ դեպքում պաշտպանի ներկայությունը պարտադիր է, դատարանը որոշում է Լիանա Գասպարյանին ներգրավել որպես Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան»,-հայտարարեց Արտուշ Գաբրիելյանը:

Լիանա Գասպարյանն առարկեց. «Ներգրավում տեղի չի ունեցել, անձը ոչ միայն համաձայնություն չի տվել, այլեւ հեռացել է դահլիճից: Դա ձեր միանձնյա որոշումն է, որն անօրինական է»: Ապա Լիանա Գասպարյանը համապատասխան օրենսդրական մեջբերումներով բացատրեց, որ անձը համաձայնություն չի տվել իր պաշտպանությանը, իսկ այդ դեպքում նա չի կարող ներգրավվել որպես հանրային պաշտպան:

Դատավորը, սակայն, առարկությունը չընդունեց եւ Լիանա Գասպարյանին ներգրավեց նաեւ որպես ամբաստանյալ Թորոս Թորոսյանի շահերի պաշտպան:

Ապա Լիանա Գասպարյանը միջնորդություն արեց՝ կասեցնել գործի վարույթը, որպեսզի փաստաբանները կարողանան դիմել սահմանադրական դատարան առ այն, որ առանց ամբաստանյալների կամքի՝ դատավորը պաշտպան է ներգրավում: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, գտավ, որ միջնորդությունը ժամանակին չի ներկայացված: Սա առաջացրեց ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների դժգոհությունը: Փաստաբանները կրկին բղավելով դատավորի վրա՝ դժգոհեցին նրա, իրենց բնորոշմամբ, ապօրինի գործողությունների դեմ: «Դուք նպատակ ունեք փակուղի մտցնել այս գործը»,-բղավեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Արտուշ Գաբրիելյանն իր որոշումն անփոփոխ թողեց, ապա նիստը հետաձգեց, քանի որ ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը, հայտնի որպես «Դեդ», պաշտպան չուներ. Մուշեղ Շուշանյանն այսօր առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել:

Առաջիկա նիստը կկայանա հաջորդ հինգշաբթի:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031