Իսրայելի պաշտպանության նախարարությունը սառեցրել է Aeronautics ընկերության որոշ արտոնագրեր՝ թույլ չտալով նրան անօդաչուներ մատակարարել իր խոշորագույն հաճախորդներից մեկին՝ Ադրբեջանին, գրում է Haaretz-ը:
Երկուշաբթի Aeronautics-ը հայտարարել էր, որ երկրի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողությամբ զբաղվող բաժինը ժամանակավորապես սառեցրել է 20 մլն դոլար արժողությամբ Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարումը «կարևոր հաճախորդի»: Քննությունը սկսվել էր այն բողոքի հիման վրա, որ ընկերության անօդաչուների հնարավորությունները փորձարկվել են Արցախում՝ իրական օբյեկտ խոցելու ժամանակ:
Իսրայելի Պաշտպանության նախարարությունում չեն պարզաբանել՝ արդյոք արտոնագրի կասեցումը պայմանավորված է ընկերության դեմ սկսված հետաքննությամբ:
Թերթը գրում է, որ սա Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից Aeronautics-ի դեմ ձեռնարկված առաջին լուրջ քայլն է այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց, որ անօդաչուներն օգտագործվել են Արցախում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ