Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Օֆշորի» գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանական ճառը հրապարակվեց:
Ճառում մեջբերվեց գործով տուժող Փայլակ Հայրապետյանի խոսքերը, որ իրեն «քաշել» է այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, որ ինքը վստահել է կառավարությանը:
Aravot.am-ը Աշոտ Սուքիասյանին հարցրեց՝ դուք հերքել եք այս գործի հետ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի առնչությունը, իսկ Ներսես Երիցյանն, ըստ ձեզ, ի՞նչ առնչություն ունի գործում, նա՞ է «քաշել» Փայլակ Հայրապետյանին: Աշոտ Սուքիասյանը պատասխանեց. «Ոչ մի կապ չկա իր հետ, ես մի անգամ եմ տեսել Ներսես Երիցյանին, բացարձակ կապ չեմ ունեցել: Այդ ամենը քաղաքականացնելու համար է»:
Մենք ճշտեցինք՝ դուք պնդում եք, որ մեղավո՞ր չեք եւ չե՞ք ուզեցել խաբեությամբ այդ գումարները գրպանել՝ Աշոտ Սուքիասյանը պատասխանեց. «Իհարկե: Ես, միեւնույն է, այստեղ, թե դրսում գնալու եմ արդարացման»:Հարցին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարա՞ն եք հասնելու՝ Սուքիասյանը պատասխանեց. «Այո, ես վստահ եմ, եթե այստեղ չարդարացնեն, գնալու եմ ՄԻԵԴ»:
Հարցին՝ Հայաստանի արդարադատությանը չե՞ք հավատում՝ նա պատասխանեց. «Հավատում եմ, եթե չհավատայի, չէի գա, ես ինքս եմ եկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ