Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արեւիկ Անափիոսյանը կրթական ոլորտի ամենախոշոր խնդիրներից մեկը համարում է համաչափ զարգացման ու սոցիալական խնդիրները:
Ըստ նրա, աշակերտների քանակով պայմանավորված դպրոցների շարքային պայմանների առումով տարբերություն կա, որքան շատ են աշակերտները՝ այնքան լավ պայմաններ են դպրոցում:
Այսօր «Հոդված 3» ակումբում նա ասաց, որ շատ քիչ համայնքներում կան ավագ դպրոցներ, ըստ նրա՝ որ համայնքում էլ չկա ավագ դպրոց, պատճառաբանում են, թե միջնակարգ դպրոց կա. «Բայց բոլորս գիտենք՝ միջնակարգ դպրոցների ու ավագ դպրոցների ծրագրերը տարբերվում են»:
Փորձագետի համար խնդիր է նաեւ դպրոցների կուսակցականացված լինելու հանգամանքը. «Ընտրությունների նախօրեին տեսանք՝ թե ինչպես են օգտագործվում քաղաքականացված գործիքները, խնդիրն այն է, որ ունենք այնպիսի մշակույթ, որը կարող է փոխանցվել մյուս իշխանություններին նույնիսկ իշխանափոխության դեպքում»:
Հաջորդ խնդիրը, ըստ բանախոսի, կադրային քաղաքականության մեջ թափանցիկության ապահովման բացակայությունն է. «Չարաշահումներ են լինում ուսուցիչների ընդունման գործընթացում, թափանցիկության բացակայություն կա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ