Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատուժի նվազումն ու տնտեսության աճի ֆենոմենը մեկնաբանում է Սուրեն Կարայանը (Տեսանյութ)

Օգոստոս 31,2017 14:56

Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում աճ է գրանցվել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Թե որքան է կազմում ներդրումների ծավալը եւ այդ ուղղությամբ ինչ զարգացումներ կան, նախարարը վստահեցրեց՝ այդ տեղեկությունները հանրությանը կներկայացնեն սեպտեմբերին:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս է տնտեսապես ակտիվ բնակչության նվազումն ազդում տնտեսական ցուցանիշների վրա, ընդ որում՝ ըստ ազգային վիճակագրական ծառայության, 2012-2016 թվերին Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը 200 հազարով կրճատվել է, իսկ զբաղվածների թիվը՝ նվազել է 160 հազարով, Կարայանը պատասխանեց, որ ճիշտ չէ 2012-ի ցուցանիշներն էլ ներկայացնել. «Դրանք տարբեր մակրոտնտեսական ցուցանիշներ են, եւ ճիշտ չէ միմյանց հետ կապել:

Ես ճիշտ չեմ համարում, որ մենք մեկնաբանենք, թե 2012-2016 թվականների ընթացքում ինչքանով է կրճատվել: Ես կոչ կանեմ, որ մենք անդրադառնանք վերջին տարվա ընթացքում տեղի ունեցածին»:

Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի ցուցանիշներով, տնտեսապես ակտիվ բնակչության քանակը նվազել է նաեւ այս տարի:

Կարայանը կրկին հիշեցրեց՝ նոր կառավարության ժամանակ նոր աշխատատեղեր են ստեղծվում. «Եթե մենք ուզում ենք խոսել տնտեսության զարգացման ուղղությունների վերաբերյալ, պետք է վերցնենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են տնտեսական զարգացմանը: Դա առաջին հերթին ՀՆԱ-ի աճն է, արտահանման, արդյունաբերության եւ այլ ցուցանիշները»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է կառավարության աշխատանքին եւ տնտեսական աճին, ապա Կարայանը մատնացույց արեց արդյունաբերության աճի տեմպերը. «Երբեւիցե դուք տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության աճ լինի, արտահանման աճ լինի»:

Նշենք, որ այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արդյունաբերության աճը կազմել է 12.7%, արտահանումը՝ 21.6%:

Արդյոք շարքային քաղաքացու կենսամակարդակի վրա ազդում է այդ աճը, նախարարն այսպես մեկնաբանեց՝ «Այո, ստեղծվել են նոր աշխատատեղեր, զբոսաշրջության ու արդյունաբերության մեծ աճ ունենք: Եվ այդ բոլոր տենդենցները չեն կարող չնկատվել եւ չազդել մեր բնակչության վրա»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարավորությանը, պարոն Կարայանն ասաց, որ ԵԱՏՄ-ում որոշումները կայացնում են կոնսենսուսի սկզբունքով:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031