Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորի գործ. Փայլակ Հայրապետյանը հայտարարել է, որ Ներսես Երիցյանն է իրեն «քաշել», ուստի ի՞նչ է ուզում Սուքիասյանից

Օգոստոս 31,2017 14:53

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «օֆշորի» գործով նիստին հրապարակվեց գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանական ճառը:

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Գործով տուժող Փայլակ Հայրապետյանի պնդմամբ` իր 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել եւ Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար` Աֆրիկայում ոսկու եւ ադամանդի արդյունահանման նպատակով: Սուքիասյանն էլ, ըստ մեղադրանքի, գումարը փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, եւ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Սուքիասյանը գտնում է, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն առնչություն չունեն օֆշորային սկանդալի հետ:

Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ իզուր տեղը քրեաիրավական գնահատական են տվել, մինչդեռ վեճերի դեպքում կարելի էր քաղաքացիաիրավական գնահատական տալ: Ըստ պաշտպանական կողմի, Հայրապետյանը ցանկալին իրականության տեղ է ներկայացնում, զգացմունքային, չհիմնավորված ճառ է ասում ու վերագրում Սուքիասյանին, քրեական օրենսգրքի սխալ հոդված:

Ըստ Յուրիկ Խաչատրյանի, փաստաթղթերն ուսումնասիրելու դեպքում պարզ է դառնում, թե որքան վարկ է տրամադրվել, ինչպես են ծախվել այդ գումարները, նա իրավասու է եղել այդ գումարները ծախսել, թե ոչ, որեւէ դիտավորություն եղե՞լ է այդ գումարներին տիրանալու, թե՞ ոչ:

Նա ներկայացրեց հարցազրույցներ, ցույց տալու, որ Աշոտ Սուքիասյանը ոչ թե իրեն դրել էր հաջողված գործարարի տեղ, այլ իրականում դա այդպես էր: Ներկայացրեց, թե ինչ ունեցվածքի տեր է եղել Աշոտ Սուքիասյանը, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում հողամասեր է ունեցել, Էջմիածնում 78 մլն արժողությամբ շինություն է ունեցել, Երեւանում 1 մլրդ 400 մլն դրամ արժողությամբ շինություն եւ այլն. «Իմ պաշտպանյալն ամեն ինչ կորցրել է, ինչ ունեցել է»:

Յուրիկ Խաչատրյանը դատարանում վստահեցրեց, որ Աշոտ Սուքիասյանը որեւէ նպատակ չէր կարող ունենալ խաբեությամբ այլ անձի գույքը ձեռք բերելու համար. «Նա էկոնոմիկայի նախարարության ժողովի գնալուց առաջ չի ճանաչել Փայլակ Հայրապետյանին: Հաստատված փաստ է, որ Փայլակ Հայրապետյանը գնացել է ժողովին եւ այնտեղ էլ ծանոթացել է Աշոտ Սուքիասյանի հետ, նրանց ծանոթությունը տեղի է ունեցել ժողովից հետո»:

Նա մեջբերեց Փայլակ Հայրապետյանի դատարանում հայտնած խոսքերը, որ «վստահեցի նրա համար, որովհետեւ պետական կառույցներ կային, այսինքն, նա վստահել է պետական համակարգին, նա նախկինում չի ճանաչել Աշոտ Սուքիասյանին, նա կառավարությանը՝ էկոնոմիկայի նախարարությանն է վստահել: Փայլակ Հայրապետյանը հայտարարել է, որ Ներսես Երիցյանին է վստահել, իսկ նա շատ հարցերում ինձ քաշել է: Դատավորն էլ հարցրեց՝ բա ասեք գնանք կառավարությունից վերցնենք քո 12 մլն-ը»:

Հետո Յուրիկ Խաչատրյանը հիշեցրեց Փայլակ Հայրապետյանի՝ Aravot.am-ին տված  հարցազրույցը, որտեղ նա ասել էր. «Ես իմ ունեցածը չեմ տվել Աշոտին, տվել եմ ՀՀ կառավարությանը՝ ՀՀ կառավարության շենքում, տվել եմ նրա նախարարին: Ես ասել եմ՝ եթե 10 հազար բանվոր է աշխատում, ես իմ ունեցածը դնում եմ:
Եթե 10 հազար բանվորը 10-ով բազմապատկենք՝ ես 100 հազար մարդու համար հաց էի տալու: Իսկ դրան խանգարողն ով է եղել՝ ՀՀ վարչապետը, Հայաստանի երկրորդ տերտերը, եւ մի խուլիգան՝ Աշոտ Սուքիասյանը: Բանկն էլ այդ ամեն ինչը կատարել է»:

Ըստ պաշտպանական ճառի, այս համատեքստում անհասկանալի է, թե հիմա ինչ է պահանջում Աշոտ Սուքիասյանից Փայլակ Հայրապետյանը: Վերջինս նույն հարցազրույցում նաեւ ասել էր՝ «Աշոտ Սուքիասյանը լվացքատուն չի, որ ասում են՝ տարավ իմ փողերը լվաց: Աշոտ Սուքիասյանը բանկում է փողերի տեղաշարժ արել: Աշոտ Սուքիասյանին 205 հոդված են դրել՝ փողերի լվացման: Բայց ոչ մի լվացքատուն փող չի լվանում, շոր են լվանում»:

Սա, ըստ պաշտպանական կողմի, հիմք է տալիս հասկանալ, որ Փայլակ Հայրապետյանն էլ գիտի՝ Աշոտ Սուքիասյանը կապ չունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031