Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար ավելի լավ է ամբողջը տանք, քան այդ 6.5 շրջանները». Արա Պապյան

Օգոստոս 31,2017 14:49

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի համոզմամբ՝ Արցախի անկախությունը հիմնականում չծառայեց այն նպատակին, որի համար Արցախը ժամանակին անկախանում էր:

1991-ի սեպտեմբերի 2-ի՝ Արցախի անկախության հռչակման օրվա նախաշեմին, «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Արա Պապյանը մտահոգություն հայտնեց. «Արդյոք ՀՀ-ն այսօր գտնվում է տնտեսական շրջափակմա՞ն մեջ Արցախի հարցի պատճառով, իհարկե՝ այո: Այս նպատակը չկարողացանք իրականացնել, չկարողացանք դրանով աշխարհին և թուրքին համոզել, որ Հայաստանը որևէ կապ չունի այս հակամարտության հետ: Արդյոք Հայաստանը չի՞ կրում այդ պատերազմի հիմնական ծանրությունը, իհարկե, կրում է: Հայաստանի բուն տարածքը ենթարկվում է գնդակոծության Տավուշում, այսօր Նախիջևանում մեծ ռազմական կուտակում կա, հավանական է, որ հաջորդ պատերազմի դեպքում այդտեղ է բախում լինի: Արցախում ռազմական բախումների պատճառով հիմնականում ՀՀ քաղաքացիներ են զոհվում: Որևէ երկիր անկախ լինելու համար, այն իսկապես պիտի լինի անկախ: Արցախը Ադրբեջանից կախում չունի, բայց ՀՀ-ից կախում ունի: Արցախի անկախությունը տվեց այն, որ մենք այսօր ունենք ավելի խորացված տեղայնական ազգայնականություն, ունենք այն, որ մարդիկ հայտարարում են ղարաբաղցի և ադրբեջանցի ժողովուրդների մասին, օրինակ՝ պարոն Բալասանյանը, բայց որևէ պաշտոնական հերքում չեղավ»:

Ըստ Արա Պապյանի՝ այսօր Արցախը դե յուրե և դե ֆակտո Հայաստանի մասն է, քանի որ հայկական անձնագրեր են Արցախում, հայ զինվորն է, զորքը, բայց մյուս կողմից էլ ունենք մարդկանց մի խումբ, որ անձնական շահից դրդված անընդհատ խոսում են Արցախի անկախության մասին՝ դրանից ոչինչ չշահելով:

Արա Պապյանի համոզմամբ՝ անընդունելի է նաև այն, որ ՀՀ-ն բանակցում է ԼՂՀ-ի անունից. «Լեռնային Ղարաբաղը պետություն չէ, քանի դեռ չկա միջազգային ճանաչում: Անգամ, եթե Ադրբեջանը Արցախի անկախությունը ճանաչի, դա դեռ չի նշանակում, որ երեք կամ հինգ տարի հետո Ադրբեջանը չի հարձակվի Արցախի վրա: Արցախ ասելով ԼՂԻՄ-ն ենք հասկանո՞ւմ, որի շուրջ բանակցություններն են գնում: Ինքնորոշում նշանակում է՝ ինքնորոշում այն տարածքի վրա, որի վրա հայությունը 1988-ին եղել է մեծամասնություն: Ինձ համար ավելի լավ է ամբողջ ԼՂԻՄ-ը տանք, քան այդ 6.5 շրջանները: Այդ շրջանների տալը մեզ տարիներ շարունակ արնաքամ է անելու՝ Հայաստանը բերելով տնտեսական վերջնական կործանման»:

Ըստ պարոն Պապյանի՝ մեր իշխանությունները զինվորի մահը հանգիստ են ընկալում. «Եթե հանգիստ չընկալեին, որոշ մարդիկ պետք է ապրիլից հետո պատժվեին, բայց, ընդհակառակը, պաշտոններ բարձրացրին: Նախարարն ընդամենը մտավ քաղաքական պայքարի մեջ ու պարտվեց»:

Հայկական կողմի այն ցնծությանը, թե ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանը 500-ից ավելի զոհ է տվել, պարոն Պապյանն այսպես արձագանքեց. «Այդ զոհերի կեսն Ադրբեջանը երազանքով է տալիս, քանի որ դրանց մեջ լեզգիներ և այլ ազգային փոքրամասնություններ են: Մենք չենք հասկանում, որ նրա խնդիրը հենց շատ զոհեր ունենալն է: Այդ հինգ հարյուր հոգին ինքը մեկ տարում փակելու է իր ծնելիության աստիճանով»:

Արա Պապյանը նաև մտահոգված է, որ մեր քաղաքականությունը հիմնված է Ադրբեջանին համոզելու վրա, որ ՄԱԿ-ի ընդունած հիմնական սկզբունքները՝ ինքնորոշման իրավունքը ճանաչի: Ըստ պարոն Պապյանի՝ ուղղակի պետք է փոխել բանակցային հիմքը. «Մենք ոչ թե պետք է ասենք տարածքներ կարգավիճակի դիմաց, այլ պետք է ասենք Հայաստանին պատկանող այն տարածքները, որոնք առ այսօր օկուպացված են մնում Ադրբեջանի կողմից»:

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը սարսափելի համարեց այն, որ մարդիկ սկսել են հավատալ՝ Արցախի անկախությունն իրական է. Արցախն առանձին միավոր է. «Սա ՀՀ տարածքային ամբողջականության հերքում է նշանակում, քանի որ Արցախը ՀՀ մաս է ըստ էության: Այսպես ինքնանպատակ է դարձել Արցախի անկախությունը: Փաստացիորեն, Արցախը ՀՀ մաս է: Ստացվում է՝ մի բան, որ արժեք չունի, դարձել է սակարկման առարկա բանակցությունների սեղանին: Այն, ինչ արժեք չունի, ստիպված ենք փոխանակել յոթ շրջանների հետ, որոնք Արցախի մի մասն են: Վերջապես Արցախը ԼՂԻՄ ինքնավար մարզը չէ: Արդեն հասարակության մեջ զոմբիացում է գնում Արցախի անկախության ճանաչման թեմայով, մինչդեռ Արցախի անկախությունն իրականում հակահայկական նպատակ է»:

Դառնալով Հոգլանդի հայտարարություններին՝  պարոն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ Հոգլանդը և որևէ մեկը նման հայտարարություն չէր անի, եթե Հայաստանը չհամաձայներ այդ կետերին:

Խաղաղապահների տեղակայման հարցում ևս քաղաքագիտության դոկտորը լուրջ մտահոգություններ ունի. «Խաղաղապահները երբեք չեն միջամտում ռազմական գործողություններին. մանդատ չեն ունենում: Օրինակ՝ Աֆրիկայում սկանդալ էր. խաղաղապահները մասսայաբար բռնաբարել էին տեղի բնակչությանը: Ուզում եմ ասել, որ այս 25 տարիների ընթացքում մոտեցման մեջ փոփոխություն չունենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031