Այս տարվա ապրիլին ձեւավորված կրթական քաղաքացիական նախաձեռնությունը կրթական ոլորտը վերահսկելու քաղաքացիների նախաձեռնությունն է:
Նախաձեռնության ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանն այսօր «Հոդված 3» ակումբում ասաց, որ խումբը ստեղծվել է facebook-ի ինքնաբուխ արձագանքների արդյունքում, արդեն իսկ տեղի են ունեցել մեծ ժողովներ, մասնակցել են տարբեր քաղաքացիներ. «Կրթական ոլորտը հասարակության ուշադրության կենտրոնում է, բայց հասարակությունն այստեղ որպես սուբյեկտ չի ընկալվում, կան մասնագետներ, որոնք դրանով զբաղվում են, եւ կառավարությունն աշխատում է, շատ դեպքերում, շրջանցել հասարակությանը, նրա կարծիքը ներկայացնել որոշակի ձեւաչափի մեջ»:
Վահրամ Սողոմոնյանի խոսքով, իրենք փորձելու են ինքնակազմակերպման ռեսուրսն օգտագործելով՝ ստեղծել քաղաքացիների խմբեր, որոնք կկարողանան կրթական ոլորտի փոփոխությունների վերաբերյալ իրենց կարծիքն ու դիրքորոշումն արտահայտել:
Նախաձեռնությունն ունի ճյուղեր՝ օրինակ կա ծնողների նախաձեռնություն, որը, ըստ Վահրամ Սողոմոնյանի. «Արդեն փորձել է կոռուպցիոն ռիսկերի ու դրամահավաքի գործընթացների մասին բարձրաձայնել մայիսին, մի շարք դպրոցներում շատ զգուշավոր մոտեցում է եղել դրամահավաքին»:
Բանախոսի խոսքով, վերջին տարիներին նկատվում է կրթության որակի հաշվին խորացող անհավասարություն. «Թվում է, թե կրթությունը պարտադիր է, բայց Երեւանից մինչեւ ամենահեռավոր մարզեր կրթական պայմանների ու որակի այնպիսի բեւեռացում կա, որ այդ անհավասարությունը Հայաստանում լրացուցիչ սոցիալական լարվածություն է ստեղծում: Անցած քսանհինգ տարվա ընթացքում պետությունը չի կարողացել ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որը կձեւավորեր մտածող, ազատ քաղաքացի ու ստեղծեր պայմաններ, որ ծնողներն ու դպրոցի վարչակազմը կարողանային համերաշխ մասնակցել տարբեր կազմակերպչական աշխատանքների, դպրոցներում դեռ հնուց մնացել է ծնողական կոմիտեն, որը դրամահավաք հրահանգող դեր է կատարում»:
Վահրամ Սողոմոնյանը մտահոգիչ է համարում տարեցտարի պետբյուջեից կրթության ոլորտին հատկացվող գումարների նվազումը. «Սա խոսում է այն մասին, որ բոլոր այն բարձրագոչ հայտարարությունները, որոնք կատարվում են կրթության կարեւորության մասին, դատարկախոսություններ են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ