Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով նիստը վերսկսվելուն պես ամբաստանյալները ժամանակավորապես բերվեցին նիստերի դահլիճ՝ պաշտպանների ներգրավման հետ կապված կարծիք արտահայտելու: Նախորդ նիստերում նրանք որոշակի ժամանակահատվածով հեռացվել էին՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար:
Ամբաստանյալներից Սերգեյ Կյուրեղյանի (այս գործով եւս ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի եղբայրը.-խմբ.) համար, որի պաշտպանը Մուշեղ Շուշանյանն է, եւ որը, իր խոսքով, խուզարկվելու պատճառով չէր ներկայանում, հրավիրվել էր հանրային պաշտպան՝ Լիանա Գասպարյանը: Նրա ներգրավման առնչությամբ կարծիք հայտնելու փոխարեն Կյուրեղյանն ասաց, որ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն է անում:
«Դատարանը մինչ օրս չի լսել, թե մենք ինչու չենք ոտքի կանգնում իր գալուն պես, իսկ լսելուց էլ ընդհատել է: Ես ոտքի չկանգնելու համար հեռացվել եմ: Փոխարենը, դատավորը գուշակություններ է անում եւ ասում է, թե գիտի՝ մենք ինչ ենք ասելու…Նոստրադամուսի բարեկա՞մն է դատավորը»,-ասաց Սերգեյ Կյուրեղյանը: Ապա հավելեց. «Ես այստեղ եմ ոչ թե դատարանի, այլ իմ ժողովրդի համար: Ինչո՞ւ ինձ մինչ օրս չեք հարցնում, թե ինչու ոտքի չեմ կանգնում»:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրա հարցադրումներին չարձագանքեց եւ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար: Նիստը կրկին ընդմիջվեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ