Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպիսի համաշխարհային վայնասուն կբարձրացնեին հայրենի արեւմտամետները, եթե ռուսաստանցի որեւէ պաշտոնյա իրեն թույլ տար նման բան ասել. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 31,2017 13:19

Արեւմտամետ շրջանակներն այս օրերին էյֆորիկ տրամադրությունների մեջ են. առիթը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն է, որտեղ նա մեզ համար բավական տհաճ, եթե ոչ վիրավորական արտահայտություն է արել։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի համաշխարհային վայնասուն կբարձրացնեին հայրենի արեւմտամետները, եթե ռուսաստանցի որեւէ պաշտոնյա իրեն թույլ տար նման բան ասել՝ հրապարակավ կասկածի տակ դնելով Հայաստանի, ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողությունը։ Հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ, երբ Պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովը, իբր շեշտելով մեր՝ վստահելի գործընկեր լինելու հանգամանքը, հայտարարեց. «Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային Կովկասում»։

Ինչ խոսք, սա հարավային դաշնակցին հաճոյախոսելու լավագույն ձեւը չէր՝ վրիպում էր, որ արեւմտամետները չհապաղեցին մատի փաթաթան դարձնել, տարիներ շարունակ հիշելով, հիշեցնելով, թարմացնելով ու վերաթարմացնելով սույն անհաջող ձեւակերպումը՝ որպես «իրեղեն ապացույց», որ մեր երկիրը վերացել է աշխարհի քարտեզից, իբրեւ ինքնիշխան պետություն, զրկվել ինքնուրույնության վերջին նշույլներից եւ դարձել Ռուսաստանի գաղութը։

Այն, որ, օրինակ, ժամանակին «ինքնիշխանության էտալոն» Վրաստանում անկախության տոնակատարությունն անցկացվում էր ամերիկյան դրոշի ներքո, վրացի բարձրաստիճան այրերը վարձատրվում էին ամերիկյան բյուջեից, կամ Ղրիմի եւ այլ ռեգիոնների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու գնով Ռուսաստանից «անկախացած» Ուկրաինայում ռազմական շքերթն ընդունում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, մեր արեւմտամետներին բնավ տարօրինակ չի թվում՝ նրանք դա ստորացուցիչ չեն համարում այդ երկրների հասարակությունների համար։ Հակառակը՝ համարում են շնորհ, որին պետք է հասնել հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով։

Համեմատեք արեւմտյան գիծն առաջ տանող լրատվամիջոցների եւ ՀԿ-ների ցանկը Ռուսաստանի հանդեպ լոյալ (չասենք՝ ռուսական վեկտորը սպասարկող) հատուկենտ ԶԼՄ-ների եւ հասարակական կառույցների թվաքանակի հետ՝ ու կհամոզվեք՝ ռուսների դեմ, Արեւմուտքի օգտին քարոզելը թանկ հաճույք է եւ լավ է վարձատրվում առատության եղջյուրից թափվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում։

Ապրիլյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանում կուտակված ռուսական զենքը շատերի համար «անսպասելիորեն» շուռ եկավ մեր զինվորների դեմ, ջուր լցրեց արեւմտամետների ջրաղացին, եւ հակառուսական հիստերիայի «իններորդ ալիքը» չուշացավ։ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, ապակայունացնում տարածաշրջանը՝ օգտագործելով Ղարաբաղի հարցը որպես տարածաշրջանում իր ազդեցությունը չկորցնելու, կողմերի նկատմամբ վերահսկողությունն ամրապնդելու գործիք։

Եվ սա՝ այն դեպքում, երբ, ամեն ինչից անկախ, վերջին հաշվով, նույն Ռուսաստանն է ինչ-որ կերպ պահպանում ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում՝ զսպելով Ադրբեջանի հարաճուն ռազմատենչությունը։ Եվ ավելորդ է ասել՝ ինչպես կփոխվի ուժերի հարաբերակցությունը, եթե ռուսատյացությունը «փեշակ» դարձրած շրջանակների նվիրական երազանքը, Աստված մի արասցե, իրականություն դառնա, եւ Ռուսաստանը «ոտքը քաշի» Հարավային Կովկասից ու ազատի թուրք-ադրբեջանական ախպերության ձեռքերը։

Բայց արի ու տես, որ արեւմտամետության «ռահվիրաները» շարունակում են կրակի հետ խաղալ՝ անընդհատ սադրելով Ռուսաստանին, բզբզելով, արծարծելով ԵԱՏՄ-ից դուրս գալու մեռելածին գաղափարը։

Մեզ կարող են առարկել, թե մեռելածինը ոչ թե ի սկզբանե անհաջողության դատապարտված այդ նախաձեռնությունն է, այլ ԵԱՏՄ-ն, որ ակնհայտորեն լավ ժամանակներ չի ապրում։ Բայց նույնիսկ եթե այդպես է՝ իմաստ ունի՞ հանդես գալ այն կազմաքանդողի դերում՝ դրա ավերակների տակ ճզմվելու կանխատեսելի հեռանկարով։

 Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031