Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասենք՝ շփոթվել-եկել եմ, սանկցիա եք կիրառելո՞ւ». հերթական լեզվակռիվը՝ «Սասնա ծռերի» պաշտպանների եւ դատավորի միջեւ (Տեսանյութ)

Օգոստոս 31,2017 12:58

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով նիստն է, որն ընթանում է առանց ամբաստանյալների, դահլիճում միայն մեղադրող դատախազներն են եւ ամբաստանյալների պաշտպանները:

Հիշեցնենք, որ նախորդ նիստերում մեղադրյալները որոշակի ժամանակահատվածով հեռացվել են նիստերից, քանի որ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել:

Այսօրվա նիստն էլ առանց լեզվակռվի չսկսվեց: Դատավորն արձանագրեց, որ հինգից ավելի պաշտպաններ ներկա չեն: Ոմանք արձակուրդում են, որոշներն այլ նիստի են մասնակցում եւ այդ մասին դիմում են հղել դատարանին: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը գտավ, որ պաշտպանների մի մասի բացակայությունը խոչընդոտ եւ արգելք չէ, քանի որ դատավարության նախապատրաստական՝ պաշտպանների ներգրավման փուլում են: Ներկա փաստաբանները, սակայն, դժգոհեցին:

Ինեսա Պետրոսյանն ասաց.

-Այսինքն, ես հիմա կարող եմ վեր կենալ-գնալ, քանի որ իմ բացակայությունը խոչընդոտ չի լինի: Եկել՝ ժամանակ ենք վատնո՞ւմ:

-Դուք իրավունք չունեք դահլիճը լքել առանց իմ թույլտվության,-արձագանքեց դատավորը:

 -Ասենք՝ շփոթվել-եկել եմ, գնամ, սանկցիա եք կիրառելո՞ւ:

-Այո,-ժպտալով պատասխանեց Արտուշ Գաբրիելյանը:

Մյուս պաշտպանները միացան Ինեսա Պետրոսյանի առարկությանը, դատավորը կրկին չհամաձայնեց. «Երեք ամիս է՝ պարտաճանաչ կերպով նիստը ձգձգում եք: Ձեր ասածն այն է, որ եթե մեկ հոգի բացակա լինի՝ նիստը հետաձգենք…չի կարելի այդպես»:

Ինեսա Պետրոսյանը, ձայնը բարձրացնելով, դատավորին մեղադրեց բոլորի համար նյարդային մթնոլորտ ստեղծելու մեջ, Արտուշ Գաբրիելյանն էլ նրա հանդեպ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով, ապա ասաց, որ պաշտպաններին արգելում է առանց իր թույլտվության տեղից «ռեպլիկներ անել»:

Նիստն ընդմիջվեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031