Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մադրիդյան սկզբունքները դեռեւս Հայաստանի օրակարգո՞ւմ են (Տեսանյութ)

Օգոստոս 31,2017 12:17

«Ռիչարդ Հոգլանդն ասել է այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին, եթե, իհարկե, այդպիսիք կան»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը: Այս սկզբունքների շուրջ, բանախոսի հավաստմամբ, կոնսենսուս կա, դրանց միակ խոչընդոտը Ադրբեջանն է. «Հայտնի է, որ ապրիլյան դեպքերից հետո բանակցություններ են գնում`բանակցությունները վերսկսելու շուրջ»:

Հոգլանդի հայտարարության արժեքը ՀՀԿ-ական պատգամավորը համարում է այն, որ նորից բարձրաձայնվեցին այն դրույթները, որոնք մինչեւ ապրիլյան պատերազմը հիմնականում համաձայնեցված էին:

Aravot.am-ի հարցին`արդյոք ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը չի վերանայել իր դիրքորոշումները եւ արդյոք Ռիչարդ Հոգլանդի հիշեցրած մադրիդյան սկզբունքները դեռ Հայաստանի համար օրակարգային կամ քննարկման թեմա են, Շիրակ Թորոսյանը պատասխանեց. «Ապրիլյան զարգացումներից հետո Հայաստանի դիրքորոշումը միանշանակ փոխվել է եւ կոշտացել է: Իմ կարծիքով, դա պետք է ավելի վաղ լիներ, քանի որ մինչ այդ էլ Ադրբեջանի կողմից ձգձգումները ոչինչ չէին տալիս հարցի խաղաղ լուծմանը: Իմ կարծիքով, Կազանյան հանդիպումից հետո Հայաստանը պետք է կոշտացներ իր դիրքորոշումը, երբ Ադրբեջանը ձախողեց խաղաղության պայմանագիրը: Հայաստանի քաղաքական իշխանությունը հույս ուներ, որ կարող է Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ`միջազգային հանրության ազդեցությամբ, բայց եղավ ապրիլ»:

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ի հստակեցնող հարցին`ապրիլից հետո մադրիդյան սկզբունքները մնո՞ւմ են Հայաստանի օրակարգում, Շիրակ Թորոսյանը պատասխանեց, որ դա կորոշի ՀՀ բարձր քաղաքական իշխանությունը:

Հետաքրքրվեցինք նաեւ`ի՞նչ էր ուզում ասել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, երբ խոսում էր Հայաստանի`ինքնիշխան որոշումներ կայացնելու մասին: Օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱՄՆ դեսպանն ասել է. «Պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հաստանը չի ցանկանում գնալ»:

«Ես չեմ մեկնաբանում ցանկացած խոսք, որտեղ կասկածի տակ է դրվում Հայաստանի ինքնիշխանությունը: ՀՀ-ն իր որոշումները կայացնում է իր ինքնիշխանության եւ ազգային անվտանգության համատեքստում»,- ասաց Շիրակ Թորոսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031