Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բժշկական հաստատություններում պետպատվերի տեղադրմանը՝ նշելով, որ այս ուղղությամբ որոշ փոփոխություններ պետք է արվեն:
Վարչապետը հանձնարարեց բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով երեք ամսում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրությունների չափանիշները՝ առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին:
Վարչապետի ներկայացմամբ՝ խոշոր բժշկական հաստատություններում, որոնք պետպատվեր են իրականացնում, 2017 թվականից պետք է ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելու համապատասխան իրավական մեխանիզմներ:
Վարչապետը նաեւ հանձնարարեց երեք շաբաթյա ժամկետում կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն՝ հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ