Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ` վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարականներ տվեց: Հանձնարարականներից մեկը վերաբերում է դատաիրավական ոլորտին: Վարչապետի խոսքերով՝ արդարադատության նախարարությունը նախատեսում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնել կառավարություն, որով պետք է կարգավորվի դատավորների աշխատանքային ծանրաբեռնվածությունն ու դատական նիստերի անհիմն հետաձգումը:
Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել ինչպես է կատարվում դատավորների միջեւ դատական գործերի բաշխումը, քանի որ, ըստ վարչապետի՝ միեւնույն դատարանում տարբեր դատավորներ անհամաչափ են ծանրաբեռնված եւ արդյունքները եւ խնդրի լուծման վերաբերյալ առաջարկները ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Ինչ վերաբերում է դատական նիստերի հետաձգմանը, վարչապետն ասաց. «Դատական գործերի հետաձգումները տեղի են ունենում լայն հայեցողության տիրույթում, չունենալով խիստ անհրաժեշտ պատճառներ»:
Այս առնչությամբ եւս վարչապետը հանձնարարեց խնդրի լուծման առաջարկներ ներկայացնել կառավարություն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ