Վերջին 10 տարիներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը օգնում է շրջանավարտներին ընտրել իրենց համապատասխան մասնագիտություն: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում խոսեց համալսարանի ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն, պրոռեկտոր Սմբատ Դավեյանը:
«Ամեն տարի 2 անգամ մոտ 100 դասախոսներ ուղևորվում են Հայաստանի միջնակարգ ու ավագ դպրոցները և ներկայացնում են աշակերտներին Ագրարային համալսարանը: Նրանք ներկայացնում են մասնագիտությունները, համակարգը, արտոնություններն ու մասնագիտությունների կարևորությունը: Դրանից զատ, մենք ամեն տարի Երևանամերձ շրջանների դպրոցների երեխաներին բերում ենք համալսարան, և այստեղ նրանք ծանոթանում են կրթական համակարգին, վարձավճարներին և այդպիսով մենք օգնում ենք շրջանավարտներին ընտրել իրենց համար համապատասխան մասնագիտություն: Այդ միջոցառումներն իրականացվում են բացառապես համալսարանի հաշվին: Արդյունքում ստացվում է այն, որ այցելած յուրաքանչյուր դպրոցից մեզ մոտ դիմում է 7 շրջանավարտ»:
Պրոռեկտորը ընդգծեց, որ համալսարանի մասնագիտությունները մոդայիկ չեն, սակայն երկրի համար շատ կարևոր են. «Ակնհայտ երևում է, որ վերջին տարիներին մեր կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ագրարային ոլորտին և դրանով է պայմանավորված, որ 3 տարի առաջ կառավարության որոշմամբ մեր համալսարանին տրվեցին մի շարք արտոնություններ: Հիմա շրջանավարտները կարող են միայն մեկ միասնական քննությունով ընդունվել անվճար համակարգ ու դրա հետ մեկտեղ կարող են ատեստատի գնահատականով ընդունվել մեզ մոտ: Կառավարությունը նախ փորձում է բարձրացնել դպրոցի գնահատականի դերն ու կարևորությունը, դրանից զատ փորձարկում է այն ծրագիրը, որը գործում է Եվրոպայում և ԱՄՆ-ում: Եվրոպական բուհերում ընդունվում են առանց քննություն հանձնելու: Կարծում եմ, որ Հայաստանում նույնպես պետք է այդպես լինի: Մենք պետք է հեշտացնենք բուհ մտնելու մուտքը, բայց փոխարենը դժվարացնենք ելքը»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ