Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատավոր Զարիկյանի որոշումը Հայաստանին գլխացավանքներ է բերելու միջազգային կառույցներում»

Օգոստոս 31,2017 11:32

Երեկ Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը «Ամուլսարի հանքի շահագործման» դեմ գործով մի այնպիսի որոշում է կայացրել, որը հետագայում հնարավոր է որպես նախադեպ կիրառվի եւ կարող է սահմանափակել հասարակական կազմակերպությունների՝ դատարան դիմելու իրավունքները: Այս որոշումը, ինչպես նշված դատական գործում հայցվոր կողմն ասաց՝ կարող է նաեւ գլխացավանք դառնալ Հայաստանի Հանրապետության համար:

Դատավոր Զարիկյանը երեկ «Ամուլսարի» հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիայի» ներկայացուցչի միջնորդությունը բավարարեց եւ որոշում կայացրեց «Էկոիրավունք» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպություններին որպես հայցվոր հանել դատական գործընթացից: Այսինքն՝ դատավորը համարել է, որ հ/կ-ները ոչ պատշաճ հայցվոր են: Հիմա այդ դատական գործընթացում միայն ազդակիր համայնքի՝ Գնդեվազի բնակիչներն են մնացել որպես հայցվոր:

Թե ինչ հիմքով է դատավորը նման որոշում կայացրել, «Առավոտի» հարցին ի պատասխան՝ «Էկոիրավունքի» նախագահ, իրավաբան Արթուր Գրիգորյանն ասաց. «Ստացվում է՝ ըստ «խելոք» դատավորի, հասարակական կազմակերպություններն իրավունք չունեն դիմելու դատարան՝ պահանջելով կամ վիճարկելով վարչական մարմինների տված թույլտվությունները կամ որոշումները: Հաշվի առնելով, որ այս դատավորը չունի տգետ դատավորի համբավ, ես կարծում եմ՝ նա քաղաքական որոշում է կայացրել՝ եթե մենք եւ մյուս հ/կ-ները շարունակեինք մտնել դատական գործընթացի մեջ, դրանից բխում են որոշակի խնդիրներ: Օրինակ՝ մենք ունենք «Լիճքի» դատավարությունը, Քաջարանի հանքի շահագործման ընդլայնման հարցը, սրանք վիճարկում ենք: Եվ հիմա քաղաքական որոշում կայացվեց, այսինքն՝ նրանք որոշեցին՝ ավելի լավ է հիմա նման որոշում կայացվի, քան հետո ընկնենք գլխացավանքների մեջ: Իրավաբանորեն սա տգետ որոշում է, այն Հայաստանի Հանրապետության համար մեծ գլխացավանքներ է բերելու միջազգային կառույցներում»:

Գրիգորյանի ներկայացմամբ՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի շրջանակներում հ/կ-ներն ամբողջությամբ ապահովել են օրենքի պահանջը՝ դատական մատչելիության մասով՝ որպես պատշաճ հայցվոր դիտարկվելու համար. «Դատարանը դեռ չի հրապարակել պատճառը, դատավորն ասաց, որ գրավոր դիրքորոշման մեջ պատճառներն ու հիմքերը կներկայացնի: Սպասում ենք գրավոր որոշմանը, դրանից հետո կտեսնենք, թե դատարանն ինչ հիմքեր է ներկայացնում»:

Ըստ Գրիգորյանի՝ դատավորի այս որոշումը հակասում է ՀՀ կառավարության դիրքորոշմանը, որովհետեւ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի որոշումից հետո, երբ Հայաստանին համարեցին, որ չի ապահովում կոնվենցիայի պահանջները հ/կ-ների՝ դատարան դիմելու մասով, Հայաստանը կառավարության մակարդակով մի շարք փոփոխություններ փորձեց կատարել: Մինչդեռ կոնվենցիայի պահանջներն ընդունվեցին հենց նրա համար, ինչպես Գրիգորյանն ասաց, որպեսզի ավելի լավ ապահովվի հ/կ-ների՝ դատարան դիմելու իրավունքը. «Թեեւ մինչեւ օրենքի ընդունումն արդեն իսկ դատավարական պրակտիկայում հ/կ-ներին ճանաչում էին որպես պատշաճ հայցվոր: Օրինակ՝ Ամուլսարի, Լիճքի, Քաջարանի գործով մենք հ/կ-ով ենք որպես հայցվոր մտել դատարան, որն էլ գործը վարույթ է ընդունել: Հիմա դատավորի որոշմամբ՝ հ/կ-ներն իրավունք չունեն դատական կարգով վիճարկելու վարչական որոշումները՝ նոր օրենքով»:

Մեր այն հարցին՝ արդյոք Վարչական դատարանի այս որոշումը կարո՞ղ է նախադեպային լինել, եւ մյուս գործերով էլ այլ դատավորներ նմանատիպ որոշումներ կայացնեն, Գրիգորյանը պատասխանեց. «Իհարկե, չէ՞ որ դատավորներին անգամ արգելում են նույն հարցերի վերաբերյալ տարբեր դատական ակտեր կայացնեն: Եթե մի դատավոր նման իրավական ակտ է կայացնում, նշանակում է՝ այս հարցը քննարկել են»:

Գրիգորյանը համոզված է՝ դատարանը կամայական է մեկնաբանել օրենքի դրույթները, եւ այն բացարձակապես չի համապատասխանում Օրհուսի կոնվենցիային, եւ կառավարության դիրքորոշմանը: Գրիգորյանը վստահեցրեց, որ ինքն ունի կառավարության դիրքորոշման ամբողջ փաթեթը, որը դատարանին ներկայացրել է, իսկ կառավարությունը միջազգային ատյաններին բազմիցս հավաստիացրել է, որ իրենք ապահովել են հ/կ-ների՝ դատարան դիմելու իրավունքը:

«Այստեղ մի ուշագրավ բան կա. Արսեն Մկրտչյանը, որը արդարադատության փոխնախարար էր, այս օրենքի ու դրա դրույթի ընդունման գործում ունի անմիջական առնչություն: Նա օրենքի մշակման աշխատանքներին է մասնակցել, եւ մենք հանդիպել ենք նրա հետ, ես ներկայացրել եմ օրենքի հետ կապված բոլոր խնդիրները: Իրենք գտել են, որ իրենց պատկերացումներն ավելի ճիշտ են: Շվեյցարիայից ինչ-որ մեկը խորհուրդներ է տվել իրենց, նրա խորհուրդների հիման վրա մշակել են օրենքի նախագիծը: Ես հենց ամենասկզբից ասել եմ՝ այս օրենքը «ականապատում է» հ/կ-ների իրավունքը, բայց իրենք շարունակել են իրենց մոտեցումը: Արսեն Մկրտչյանը հիմա նորից դատավոր է Վարչական դատարանում, նա այս պրոցեսում ակտիվ խաղացող է եւ իր ազդեցությունն է ունեցել, օրենքի ընդունման մասով իր պատասխանատվության չափը կա: Մինչդեռ Արսեն Մկրտչյանն անձամբ է Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի նախագահին գրավոր հավաստիացրել, որ նոր օրենքով ՀՀ-ն ապահովում է հ/կ-ների՝ դատարան դիմելու իրավունքը»,- ասաց իրավաբանը:

Գրիգորյանն ասաց, որ վարչական դատարանի որոշումը բողոքարկելու են եւ միջազգային ատյաններում շատ ուժեղ լոբբինգ են անելու. «Չի կարելի միջազգային ատյաններին մի բան ասել ու այլ բան անել»:

«Լիճքի» հանքի շահագործման եւ Քաջարանի հումքի արդյունահանման ծավալների դեմ դատական հայցին, ապա այս գործով միայն հ/կ-ներն են դիմել դատարան, եւ եթե «Ամուլսարի» գործով հայցվորներ են նաեւ բնակիչները, եւ գործը շարունակվում է, ապա վերը նշված երկու գործով, եթե Վարչական դատարանի որոշումը որպես նախադեպ կիրառվի, ապա գործը հ/կ-ների համար կբարդանա:

Գրիգորյանը հիշեցրեց, որ Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» պատրաստվում է ավելի շատ հումք արդյունահանել, դրա համար կառավարությունը տվել է դրական եզրակացություն, մինչդեռ, ըստ Գրիգորյանի, այդ կոմբինատը չունի համապատասխան պոչամբար. «Քաջարանինը Արծվանիկի պոչամբարն է, որը աբողջությամբ լցված է: Եվ փաստորեն ավելի շատ հումք հանել ու մշակել՝ դա նշանակում է ավելի շատ ծավալներով թափոններ լցնել պոչամբարը, ինչը ռազմավարական եւ էկոլոգիական աղետի կբերի: Պոչամբարն ավելի բարձր է, քան Կապան քաղաքը, եւ եթե վթար լինի՝ Կապանը կտանի, եւ ոչ միայն Կապանը: Այստեղ մի շարք խնդիրներ կան, որոնք անօրինական են դարձնում կառավարության որոշումը, ըստ որի՝ թույլտվություն է տրվել»:

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի Լիճք համայնքի պղնձի հանքին, որի շահագործման համար «Թաթսթոուն» ՍՊԸ-ն է թույլտվություն ստացել, ապա այն, ինչպես բազմիցս բնապահպաններն են վստահեցրել, եւ հիմա էլ Գրիգորյանն է հիշեցնում, «Արեւիկ» ազգային պարկին շատ մոտ է: Իսկ ազգային պարկում եւ հանքին հարակից տարածքներում Կարմիր գրքային կենսաբազմազանություն կա: Սա նշանակում է, ըստ օրենքի եւ Գրիգորանի ներկայացմամբ՝ անթույլատրելի է հանքի շահագործումը. «Բացի այս, այս հանքը փոխկապակցված է Քաջարանի կոմբինատի հետ, քանի որ, ըստ իրենց նախագծի, Լիճքի հանքաքարը պետք է Քաջարանում վերամշակեն, այսինքն՝ թափոնները պետք է լցվի Քաջարանի Արծվանիկ պոչամբարը: Իսկ այս պոչամբարն ինչպե՞ս է դիմակայելու այդ ծավալներին՝ ոչ ոք ոչինչ չի ասում»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

31.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031