Լրահոս
Օրվա լրահոսը

Կընդգրկվի՞ արդյոք Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

Օգոստոս 31,2017 11:10

Սույն թվականի հուլիսի 17-ին Մտավորականների խորհուրդ նախաձեռնությունը դիմել էր ՀՀ արտաքին գործերի, մշակույթի և բնապահպանության նախարարություններ՝ Սևանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող մշակութային և բնական օբյեկտների համաշխարհային ժառանգություն՝ մշտապես նորացվող միջազգային ցուցակում ներառելու առաջարկով:

Ի պատասխան, ԱԳՆ-ն ներկայացրել է հետևյալ պարզաբանումը՝ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը միջգերատեսչական մարմին է, որի հիմնական գործառույթն է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ապահովումն ու համակարգումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով հայտը ներկայացվում է ոլորտային գերատեսչության կողմից նախ Ազգային հանձնաժողովի հաստատմանը (նրանում ընդգրկված են ԱԳ, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, բնապահպանության նախարարները), որից հետո Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը փաթեթն ուղարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն:

ՀՀ Բնապահպանության նախարարությունն ընդամենը բանավոր կարգով, տեղեկացրել է, որ գործընթացը տևական և հետևողական աշխատանք է պահանջում և արդյունքների մասին կպատասխանեն լրացուցիչ:

Մշակույթի նախարարությունը մեզ առաջարկում է դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն, որպես ոլորտի լիազոր մարմին:

Ասել, որ զարմանք ես ապրում գերատեսչությունների գրությունները կարդալով, չափազանց մեղմ կլինի: Ստացվում է, եթե մենք չառաջարկեինք Սևանա լիճը  ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցուցակում, նախարարությունները դրան չէին էլ անդրադառնա:

Մեզ <<հուշելով>>, թե դիմեք բնապահպանության նախարարություն, կարծես <<ձեռքերը լվանում են>>: Արդյո՞ք Սևանը զուտ բնական օբյեկտ է: Իսկ ու՞ր մնացին մշակութային, պատմական հուշարձանները, որոնք հայտնաբերվել են լճի մակարդակը իջնելուց հետո և դեռ կարող են ի հայտ գալ ափամերձ տարածքներում:

Ինչու՞ միևնույն կառավարության կազմում գործող նախարարությունները չեն կարողանում համակարգել իրենց գործունեությունը և հանրության կողմից բարձրացված հարցերին բյուրոկրատական, ոչինչ չասող պատասխաններ են տալիս:

Հույս ունենանք, որ սայլը տեղից կշարժվի և առաջիկայում առիթ կունենանք հանրությանը տեղեկացնելու, որ մեր առաջարկը համապատասխան կարգով ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-կայան:

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Կարինե Դանիելյան – Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ազատ Եղիազարյան –Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արման Նավասարդյան – Արտակարգ ու լիազոր դեսպան

Ֆերդինանդ Առաքելյան  – Քանդակագործ

Թաթուլ Մանասերյան  – Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահան Համազասպյան – Տեխնիկական գիտությունների դոկտոր

Արմեն Հովսեփյան – Պատմաբան-քաղաքագետ, պրոֆեսոր

Էվելինա Ղուկասյան – Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն

Արամ Սարգսյան  – Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

 

Երևան, 31.08.2017թ.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031