Օգոստոսի 30-ին «ՌԺԴ-Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի և հավաքականի կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի մամուլի ասուլիսը։
– Ո՞ր արդյունքը բավարար կլինի Ձեր թիմի համար Ռուսաստանի հետ մրցավեճում։ (Հարց Հակոբ Հակոբյանին)
– Յուրաքանչյուր հանդիպման մենք դուրս ենք գալիս միայն հաղթելու նպատակով։ Կարևոր չէ խաղը պաշտոնական է թե ընկերական։ Նույնը վերաբերվում է այս խաղին, կփորձենք հասնել առավելագույն արդյունքի։
– Ինչքանո՞վ դժվար կլինի հասնել դրական արդյունքի և որն են Ռուսաստանի հավաքականի ուժեղ կողմերը։ (Հարց Հակոբ Հակոբյանին)
– Ռուսաստանի հավաքականը մեր խմբի ֆավորիտն է և շատ դժվար մրցակից է մեր համար, բայց եթե մենք հստակ կատարենք մարզչի առաջադրանքները և խաղանք մեր խաղը, ապա կկարողանանք հաջողության հասնել։
– Ու՞մ կարող եք առանձնացնել Ռուսաստանի հավաքականում։ (Հարց Հակոբ Հակոբյանին)
– Մենք դիտել ենք Ռուսաստանի հավաքականի խաղը։ Չէի ցանկանա առանձնացնել որևէ մեկին, դժվար մրցակից է և ծանր խաղ է լինելու։
– Ձեր կարծիքը Ռուսաստանի հավաքականի մասին։ (Հարց Արթուր Ոսկանյանին)
– Համամիտ եմ Հակոբի գնահատականի հետ, ուժեղ մրցակից է, աշխատելու ենք լավ խաղալ։
– Ի՞նչ վիճակում է թիմը, կան արդյոք կորուստներ, վնասվածքներ ստացած ֆուտբոլիստներ։ (Հարց Արթուր Ոսկանյանին)
– Ցավոք, այո։ Երկու առանցքային ֆուտբոլիստ վնասվածքների պատճառով բացակայում են։ Պետրոս Ավետիսյանը և Էրիկ Վարդանյանը, որոնք մեծ ուժ էին հարձակման գծում։
– Արդյո՞ք Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո տղաների մոտիվացիան էլ ավելի աճել է։ (Հարց Արթուր Ոսկանյանին)
-Իհարկե։ Մենք լավ թիմ ունենք, լավ ֆուտբոլիստներ ունենք։ Իրենք լավ են ճանաչում միմյանց, քանի որ հիմնականում երկու թիմերից են` «Փյունիկից» և «Բանանցից»։ Մենք կարող ենք լավ խաղ ցուցադրել, ինչը ցույց տվեցին երկու ընկերական խաղերը։
ՀՖՖ