Ալեն Սիմոնյանը խորհուրդ է տալիս հույսը կտրել, թե «Ելքը» կպառակտվի,
ավելին՝ խոստանում են Ֆեյսբուքը ողողել իրենց փաթաթված նկարներով
«Սեպտեմբերի 2-ին «Ելքը» միասնական մեծ քեֆ է անելու ռեստորանային համալիրներից մեկում: Մեզ մոտ, թու-թու-թու, ամեն ինչ շատ լավ է, մենք դրա մասին ոչ խոսում ենք, ոչ մտածում ենք, աշխատում ենք մի թիմով»,- «Առավոտի» հետ զրույցում Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց, երբ նրանից ճշտեցինք՝ «Ելքի» կազմաքանդման, կուսակցությունների տարանջատման լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը:
Թե ի՞նչ առիթով են քեֆ անելու «Ելք» դաշինքի անդամները եւ ի՞նչ են նշելու՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ուղղակի անընդհատ ասում էինք՝ մի հատ քեֆ անենք միասնական, որ միավորվել ենք, որ ինչ-որ հաջողություններ ենք գրանցել: Ես չեմ կարծում, որ պառակտվող կառույցները միասնական սեղան են գցում եւ հաց են կիսում իրար հետ: Ես վստահ եմ, որ ամսի 2-ին ամբողջ Ֆեյսբուքում մեր նկարներն են լինելու՝ փաթաթված, գրկված: Այնպես որ, մեզ հետ կապված լուրերը խիստ չափազանցված են, փառք Աստծո, որեւիցե խնդիր մենք չունենք, թող հույսները կտրեն»:
«Ելք» դաշինքի ծրագրում ամրագրվել էր, որ դաշինքը հիմնադրած քաղաքական ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ընտրություններին «Ելք» դաշինք անունով միասնաբար մասնակցելուց հետո պետք է ստեղծեն «Ելք» կուսակցություն: Սակայն ընտրությունները ավարտվեցին, «Ելքը» մտավ խորհրդարան, բայց կուսակցություն այդպես էլ չստեղծվեց:
Հիմա էլ լուրեր են տարածվում, որ «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցություններն իրենց ընդհանուր գրասենյակները փակում են: Այս առնչությամբ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ելքը նախընտրական շտաբներ է ունեցել, որոնք փակվել են ընտրությունների հաջորդ օրը: Ժամանակին այն վերցվել էր հենց այդ նպատակի համար՝ միասնական աշխատելու: «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակի պայմանագիրը մեկ ամիս առաջ լրացել էր, նոր գրասենյակ ենք վերցրել, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Ես չեմ հասկանում, թե ինչու են գրում, որ «Ելքի» գրասենյակը փակվել է: «Ելքը» գրասենյակ չի ունեցել, եղել է «Ելքի» նախընտրական շտաբը, որը փակվել է ընտրություններից հետո: Մենք այդ ժամկետով էլ վերցրել էինք այդ միասնական շտաբը, որ աշխատենք»:
Իսկ թե ինչու կուսակցություն այդպես էլ չստեղծեցին՝ Ալեն Սիմոնյանն այսպես բացատրեց. «Մենք չենք ուզում արհեստական բաներ անենք: Մենք այն աստիճան դրա մասին չենք մտածում, որովհետեւ ես, «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերները այնքան հավեսով ենք իրար հետ աշխատում, որ սկի դրա համար ժամանակ էլ չի լինում, հիմա մեր միասնական խումբը Արցախում է: Արհեստական չենք ուզում դա անենք ինչ-որ ֆեյսբուքյան օգտատերերի եւ ինչ-որ մեկնաբանների, լրագրողների համար, ասենք, խոստացել ենք՝ անենք: Իմ անձնական կարծիքն է, որ դա պետք է արվի եւս մեկ փուլից առաջ՝ որպես հերթական ֆիքսում: Սա ասում եմ որպես PR մասնագետ: Ենթադրենք, 2018-ին իրադարձություն է տեղի ունենում, կամ ընտրություններից առաջ դա անենք, որ եւս մեկ անգամ ֆիքսենք, որ միասնական ենք, եւ դա օգտագործենք նախընտրական փուլում՝ ուժ ցուցադրելու համար, բայց ոչ ձեւական անենք, որ ինչ-որ մեկը չխոսի»: Ալեն Սիմոնյանն ասաց, որ երբ խոստացել են կուսակցություն դառնալ՝ ժամկետ չեն նշել. «Հիմա քեֆը կանենք, նոր նստաշրջանը կսկսվի, օրենսդրական միասնական նախաձեռնություններ կան, պառակտվող ուժը միասնական օրենսդրական նախաձեռնությո՞ւն է ներկայացնում»:
Մեր դիտարկմանը, որ «Ժառանգության» դառը փորձը կա, իրենք էլ սկզբում միասնաբար, հավեսով խմբակցություն էին, հետո պառակտվեցին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Գիտեք ինչն է խնդիրը, մենք իրարից գնալու տեղ չունենք, մենք միասնական հաջողություն ենք գրանցել, եթե մենք պարտվեինք, կամ ուղղակի անցնեինք ԱԺ… Մենք համարում ենք, որ հաջողություն ենք գրանցել: Մենք ՀՀ-ի երրորդ ուժն ենք, պառակտվենք, որ ի՞նչ լինենք, իմաստը ո՞րն է: Մենք այնքան լավ ենք սկսել աշխատել իրար հետ, որ չեք պատկերացնի, ասելու չի, վախենում եմ՝ աչքով տան»:
Ալեն Սիմոնյանը հիշեցրեց մեկ առ մեկ, թե իրենց մասին ինչեր էին ասում, ինչ լուրեր էին շրջանառվում, եւ դրանցից որեւէ մեկը չի իրականացել. «Էլ ասում էին, որ Ծառուկյանի հետ դաշինք ենք կազմելու, էլ ասում էին, որ Սասուն Միքայելյանը պայմանավորված է, Հրազդանում քաղաքապետ է դառնալու, Նիկոլը Արթուր Բաղդասարյանի հետ սամալյոտով Հովիկ Աբրահամյանին էր ճանապարհում, Ալենը «Ելքից» դուրս է գալիս, մտնի Բարգավաճի ցուցակ: Այնքան բան են ասել ժամանակին, որ չի եղել: Ինչի՞ Ալենը չգնաց ԲՀԿ, ինչի՞ Ծառուկյանի հետ դաշինք չկազմեցինք, ասում էին՝ Նիկոլը կոալիցիա է կազմելու, Նիկոլին պաշտպանության նախարարի պաշտոնն են տալու, ինչ ասես՝ ասեցին, սպանեցին, էլի, հասկացանք: Մենք ամենաբաց կառույցն ենք, Երրորդ հանրապետության պատմության մեջ քաղաքական դաշտում «Ելքի» պես բաց կառույց ես չեմ հիշում, մենք մեր ցուցակը անգամ լրագրողների աչքի առաջ ենք կազմում»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
30.08.2017