Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե փորձագետներին սխալ ելակետային տվյալներ են տրվել

Օգոստոս 31,2017 14:00

«21-ամյա երիտասարդի մահվան գործով մեկ տարուց ավելի է՝ մեղադրանք չի առաջադրվել» հրապարակումից հետո Վայոց ձորի բնակչուհի Զարուհի Մակարյանը 2015 թվականի նոյեմբերի 26-ին Երեւանի Գ. Չաուշի փողոցում վրաերթից մահացած որդու՝ Հրայր Զաքարյանի գործով դեռեւս որեւէ տեղաշարժ չի տեսնում:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Գասոյանի վարույթում է գտնվում թիվ 60114915 քրեական գործը: Ինչպես տեղեկացրել էինք, այդ գործով նախաքննության տվյալների համաձայն, Գ. Չաուշի փողոցի 12/3 հասցեի մոտ «Օպել» մակնիշի 34 QT 351 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Սենեքերիմ Եսոյանը, վրաերթի է ենթարկել փողոցը հատող երիտասարդին՝ Հրայր Զաքարյանին. «Տուժողին անզգուշությամբ պատճառվել են մարմնական վնասվածքներ, ով «Արմենիա» հանրապետական բուժկենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է»: Հրայրը ստացել էր կյանքի հետ անհամատեղելի «կոպիտ մարմնական վնասվածքներ»: Քննիչ Ա.Գասոյանի որոշմամբ տուժողի իրավահաջորդ էր ճանաչվել Հրայրի հայրը՝ Հարությունը, իսկ նրանց ներկայացուցիչն է փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մերի Ալավերդյանը:

Նշանակվել էր համալիր փորձաքննություն, եւ տուժող կողմը միայն վերջերս հնարավորություն է ունեցել ծանոթանալու փորձագիտական եզրակացությանը, որը տրվել է «ՀՀ փորձագիտական կենտրոնի» կողմից: Երեւան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Գասոյանը, հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքին, տուժողի իրավահաջորդին գրավոր տեղեկացրել էր. «Փորձաքննության որոշման եւ ստացված եզրակացության պատճեններ տրամադրելու կարգ սահմանված չէ, փոխարենը՝ կարող եք ծանոթանալ վերոնշյալ փաստաթղթերին եւ դրանից դուրս գրել ցանկացած ծավալի տեղեկություն»:

Չգիտեմ՝ որքանով է ողջամիտ, սակայն 2015 թվականի նոյեմբերի 26-ի վրաերթի գործով փորձագիտական եզրակացությունը պատրաստ է եղել այս տարվա հունիսի 2-ին: Փորձագետներին տրվել էին հարցեր, մասնավորապես, ի՞նչ ուղղությամբ է շարժվել «Օպել» մեքենան վրաերթից առաջ, ինչպիսի՞ն են եղել մասնակից տրանսպորտային միջոցների եւ տուժող հետիոտնի փոխադարձ դիրքը վրաերթի պահին, հատկապես ո՞ր մասում է կատարվել վրաերթը, արդյոք տուժողը կարո՞ղ էր շպրտվել դեպի Աշտարակի խճուղի տանող ուղեմասի հատվածը, դեպքի վայրի զննության ժամանակ ի՞նչ հետքեր են հայտնաբերվել, արդյոք, հետիոտնը կրկնակի վրաերթի՞ է ենթարկվել, թե՝ ոչ: Տասներկու հարցերից վերջինում նշված է նաեւ երկրորդ մեքենայի՝ «Ռենչ Ռովեր» մակնիշի 01 SM 010 մասին, եւ հարցը հետեւյալն էր. արդյոք, այս երկու մեքենաների վարորդները հնարավորություն ունեցե՞լ են տվյալ ճանապարհատրանսպորտային իրադրության պայմաններում կանխել վրաերթը, թե՞ ոչ, ի՞նչ գործողություններ էին պարտավոր կատարել:

Փորձագետներին տրվել էր երկու հատորանոց, մոտ 250 էջից բաղկացած քրեական գործը: «Օպելի» վարորդը՝ Ս. Եսոյանը, ցուցմունք էր տվել, թե ընթացել է 40-45կմ/ժամ արագությամբ, տուժողին վրաերթի չի ենթարկել, ընդհանրապես չի դիպչել:
Իսկ ահա, նույն վայրում գտնված «Ռենչ Ռովերի» վարորդը՝ Կարեն Ստեփանյանը (մեքենան Անժելա Ստեփանյանի անունով է-Ռ.Մ.), ժխտել է մեքենայով վրաերթ կատարելու, ճանապարհատրանսպորտային պատահար կատարելու փաստը: Առկա տեսագրության համաձայն, էկրանին երեւում է «Օպելը»՝ տաքսին, ժամը արձանագրված է՝ 00.15: Տեսագրության համաձայն (տեսանյութը 8 րոպե 24 վայրկյան է -Ռ.Մ.), երբ դեպքի վայր էր ժամանել քննիչը, նա «Օպելի» վարորդին հարցրել էր, թե հետիոտնին չե՞ս կպել, նա պատասխանել էր. «Մեքենան կպել էր այլ մեքենայի, մեռնեմ քեզ, կարող ա իրա ուդառից հետիոտնը իմ ավտոյի վրա…»: Քննիչն ու վարորդը մոտեցել են էլեկտրական սյուներից մեկին, այնտեղից վերցրել մեքենայի հետնային տեսանելիության հայելու սեւ պլաստմասսե դետալը:

Ի դեպ, փորձագետներն այս կապակցությամբ եզրակացրել էին. «Պարզել, թե դեպքի վայրից հայտնաբերված հետին տեսանելիության ձախակողմյան հայելու շրջանակը «Ռենչ Ռովերինն» է, թե ոչ, հնարավոր չէ, բավարար փորձագիտական չափանիշների բացակայության պատճառով»:

Ոստիկանների կարծիքով, այն «ԲՄՎ»-ի դետալ է:

Փորձագետները չէին կարողացել պատասխանել երկու մեքենաների վարորդների կողմից տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորության վերաբերյալ հարցին, քանի որ, ըստ նրանց, ելակետային տվյալները բավարար չէին նշված հանգամանքները պարզելու համար: Փորձագետները արձանագրել էին. «Փորձաքննությանը տրամադրված նյութերում առկա են իրարամերժ տվյալներ»: Մասնավորապես, տուժողի մարմնական վնասվածքներն իրենց համակցությամբ բավարար չէին վրաերթի մեխանիզմը պարզելու համար:

Այնուհանդերձ, ըստ եզրակացության, երիտասարդի մահը պայմանավորված է եղել «ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ավտոմեքենաների կողմից վրաերթի ենթարկվելուց»: Փորձագետներն ավելի կտրուկ են արձանագրել. «Պարզել՝ առաջինը .Զաքարյանին վրաերթի ենթարկողը «Ռենջեր» մեքենան է եղել, թե ոչ, հնարավոր չէ, փորձագիտական բավարար չափանիշների բացակայության պատճառով»:
Որդեկորույս ծնողների տեղեկացմամբ՝ այս երկու մեքենաները գրանցված են եղել այլ անձանց անուններով, սակայն որեւէ տեղ չկար այդ կապակցությամբ գրառում, հարցաքննություն, բացատրություն եւ անհասկանալի է, եթե դա այդպես է, ապա ղեկին նստածներն ունեցե՞լ են վարորդական իրավունք:

Տուժողն աշխատել է Կոմիտասի վրա գտնվող «Երեւան Սիթի» խանութում, որպես բանվոր: Մեկ տարի առաջ էր զորացրվել, ծառայել էր Լեռնային Ղարաբաղում: Նա ամեն օրվա նման՝ քայլելով տուն էր վերադառնալիս եղել:

Տուժողի հոր ներկայացուցիչն է փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

30.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031