Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր թատերաշրջանում կկայանան պրեմիերաներ, համերգներ, նույնիսկ առաջին անգամ «Ռեքվիեմ»-ի բեմադրություն

Օգոստոս 31,2017 13:30

Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հետ:

– Մաեստրո, նաեւ հյուրախաղային գերծանրաբեռնվածության արդյունքում, փաստորեն, դուք էլ չեք հանգստանում: Ամռանը հանգիստ չունեցան նաեւ ձեր ղեկավարած Ազգային օպերային թատրոնի ստեղծագործական խմբերն ու մեներգիչները՝ սեպտեմբերի 1-ին Շուշիում կայանալիք Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերայի առիթով…

– Այդպիսին է արվեստագետի կյանքը: Ես օրերս եմ վերադարձել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից, որտեղ օլիմպիական սպորտային խաղերի օրինակով առաջին անգամ անցկացվեց «Եվրասիական երաժշտական խաղեր» 3 անվանակարգերում՝ դաշնամուր, ջութակ եւ վոկալ: Հրավիրված էի որպես ժյուրիի նախագահ, եւ մեր թատրոնի Երիտասարդական ծրագրի մասնակից, բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը հիանալի ելույթ ունեցավ՝ արժանանալով երկրորդ մրցանակի: Հիացած եմ Աստանայի մշակութային կյանքով, մասնավորապես՝ օպերային թատրոնով, որտեղ հանդիպեցի ճանաչված բաս Բարսեղ Թումանյանին: Գիտե՞ք, արդյոք, որ 10 տարի առաջ Աստանան ուներ շուրջ 300 հազար բնակիչ, հիմա՝ արդեն 1 մլն 300 հազար: Ի դեպ, այդ քաղաքի հետ տխուր հուշեր ունեմ. 1938թ. ստալինյան բռնապետության տարիներին այդտեղ աքսորվել է տատս՝ Սոֆի Աթարբեկովան, որը հայտնի հեղափոխական Գեորգի Աթարբեկովի քույրն էր…

Երեւանից բացակայությունս չխանգարեց, որպեսզի տեղեկացված լինեմ «Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրական աշխատանքներին: Շուշիի պրեմիերայից հետո մեզ մոտ սեպտեմբերի 9-ին կներկայացվի այն:

Այո, ունեի նախօրոք ծրագրավորված համերգներ: Մինչ Աստանան ելույթ եմ ունեցել Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, այնուհետեւ Կաունաս, ապա՝ Յուրմալա: Ինձ համար պատիվ էր բեմում ունենալ այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են ճանաչված օպերային երգիչներ՝ տենոր Լոուրենս Բրաունլին, սոպրանոներ Սառա Քոբուրնը, Քրիստինա Օպոլայսը եւ այլն: Ի դեպ, Բելինիի «Պուլիտաններ» օպերայի կատարման ժամանակ հրավիրեցի նաեւ ամռանը Երեւանում կայացած Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր, ղազախ երգիչ, բարիտոն Ազամատ Ժելտիրգուզովին: Նշեմ, որ սեպտեմբերի 5-ին մեր թատրոնը 85-րդ համերգաշրջանը կբացի Տիգրանյանի «Անուշով»: Վերականգնելու ենք ու հավանաբար սեպտեմբերի վերջին կներկայացնենք Տիգրան Լեւոնյանի ռեժիսուրայով Դոնիցետիի «Պողիկտոսը»… Իմ յուրաքանչյուր հյուրախաղ, լինեի դա Ռուսաստանում, Մերձբալթիկայում կամ Ամերիկայում, միտված է համատեղ կապերի ընդլայնման ու ծրագրերի քննարկման, բնականաբար՝ կապված մեր օպերային թատրոնի հետ:

– Ինչպե՞ս պատահեց, որ Աստանան կարճ ժամանակահատվածում նման աճ գրանցեց նաեւ մշակույթի ոլորտում: Այնտեղի օպերային թատրոնը հրավիրում է նաեւ Լա Սկալայի, Քովեն Գարդենի, Մետրոպոլիտենի եւ այլ հեղինակավոր մշակութային օջախների հայտնի երգիչներին, այն էլ աստղաբաշխական հոնորարներով: Էլի՞ պատճառը նավթը համարենք…

– Անխոս, դա այդպես է եւ երկրի մշակութային անցուդարձին հետեւողական է նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Բայց չմոռանանք, որ մեզ մոտ էլ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո տարիներ շարունակ անցկացվում են, օրինակ՝ «Երեւանյան հեռանկարներ», Երեւանյան միջազգային փառատոնը, որի շրջանակներում իսկապես աշխարհահռչակ դեմքեր ու կոլեկտիվներ են հանդես գալիս: Ավելին, մշակութային որոշ ներկայացուցչական ձեռնարկներ կայանում են նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Անցյալ խաղաշրջանում մեր թատրոնի հրավերով Երեւանում ելույթ ունեցան նույնպես անվանի դեմքեր:

– Ի դեպ, շարունակելո՞ւ եք ձեր որդեգրած քաղաքականությունը՝ օպերային-բալետային ներկայացումներին զուգահեռ կազմակերպելով նաեւ համերգներ:

– Միանշանակ՝ այո: Նման քաղաքականությունը բնորոշ է հեղինակավոր բոլոր օպերային թատրոններին: Ամիսը մեկ անգամ մեր նվագախումբը նույնպես հանդես կգա համերգով՝ ճանաչված ինչպես մեր, այնպես էլ հրավիրյալ երաժիշտների ընկերակցությամբ: Օրինակ, մոտ ապագայում Դվորժակի եւ Չայկովսկու ստեղծագործություններով, իհարկե՝ մեր նվագախմբի հետ, հրավիրել ենք Արեւմուտքում հայտնի անուն՝ թավջութակահար Ալեքսանդր Կնյազեւին: Իսկ թատրոնի նվագախմբի երաժիշտների համար, վստահ եմ, որ ցանկալի է, բացի խաղացանկային օպերաներից ու բալետներից, հանդես գալ ինչպես համաշխարհային երաժշտական գրականության, այնպես էլ հայ կոմպոզիտորական արվեստի ներկայացուցիչների ստեղծագործություններով:

– Ասում են՝ թատրոնում սպասվում է նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի եւ մեներգիչների ատեստացիա, ինչի առիթով էլ անհանգստություն կա թոշակային տարիքի արտիստների շրջանում:

– Ճիշտն ասած՝ նման բան ես չեմ նկատել, բայց ատեստացիա կոչվածը խթաններից մեկն է՝ երաժշտին լավ մարզավիճակում պահելու համար: Ինչ վերաբերում է թոշակային տարիքի արտիստներին, օրինակ, մեր երգչախմբում դա շուրջ 5% է կազմում եւ միանգամից հնարավոր չէ, ինչպես ընդունված է Հայաստանում ասել՝ երիտասարդացնել կոլեկտիվը: Այո, դա նույնիսկ անհրաժեշտ է, բայց աստիճանաբար… Եթե հետաքրքիր է, կարող եմ բարձրաձայնել թատրոնի գեղարվեստական նոր խորհրդի կազմը, որից կախված է ոչ միայն նոր բեմադրությունների ճակատագիրը, այլեւ թատրոնի յուրաքանչյուր ստեղծագործական անցուդարձ եւս: Գեղխորհրդի կազմում են թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալը՝ Կարեն Շահինյանը, գլխավոր բալետմայստերը՝ Վիլեն Գալստյանը, գլխավոր նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը, գլխավոր խմբավարը՝ Կարեն Սարգսյանը, ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, ջութակահար Լեւոն Հովհաննիսյանը, կոմպոզիտորներ Վարդան Աճեմյանը, Արամ Սաթյանը, իհարկե՝ Տիգրան Մանսուրյանը եւ նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:

– Տարօրինակ չէ՞ այն փաստը, որ ակադեմիական թատրոնում արդեն տարիներ շարունակ չկա գործող գոնե մեկ ժողովրդականի կոչում ունեցող արտիստ:

– Հիշեցնեմ, որ ես տարիներ շարունակ չէ որ Երեւանի թատրոնում եմ, բայց այդ մասին, իհարկե, գիտեմ եւ այդ հարցին լուծում եւս կտրվի:

– Կխնդրեինք հակիրճ ներկայացնել ընդհանրապես հայաստանյան մշակութային կյանքում առաջին անգամ կայանալիք Վերդիի Ռեքվիեմի բեմադրությունը:

– Ոչ միայն Վերդիի, այլեւ Մոցարտի եւ մյուս հանճարեղ կոմպոզիտորների նույնանուն ստեղծագործությունները արտասահմանում վաղուց բեմադրվում են: Այս նախագծի հեղինակը իտալացի ռեժիսոր Պաոլո Միչիկեն է, Իտալիայից են նաեւ զգեստների ձեւավորողը՝ Ալբերտո Սպիային եւ վիդեո ծրագրավորողը՝ Դեյվիդ Բրոկոլին: Իհարկե, մասնակցում են մեր թատրոնի երգչախումբը, նվագախումբը եւ մեներգիչները՝ սոպրանո Մարինե Դեինյանը, տենոր Սարգիս Աղամալյանը, բաս Հայկ Տիգրանյանը: Մեցցո սոպրանոն հրավիրյալ է՝ Էլենի Մաթոսը: Բեմադրությունը կղեկավարեմ ինքս: Թեեւ վստահ եմ, որ երաժիշտներն ու երաժշտասերները you tuble-ով ծանոթ կլինեն տարբեր ռեքվիեմների բեմադրությունների, սակայն այլ բան է դրան ականատես լինելը եւ թույլ տվեք ժամանակից առաջ անցնելով ասեմ, որ մեր թատրոնում մեր հանդիսատեսին իսկապես հաճելի երեկո է սպասվում սեպտեմբերի 14-ին՝ Վերդիի Ռեքվիեմի՝ «Ահեղ դատաստան» բեմադրությանը:

– Ասում են՝ ձեր ծննդյան տարելիցը նշել եք Մոսկվայում…

– Այո, Աստանայից վերադարձա Մոսկվա, հենց ամսի 27-ին մտերիմներիս շրջանում նշեցի ծննդյանս օրը: Հետաքրքիր է, որ ամեն տարի հենց այդ օրը տարբեր երկրներում եմ լինում:

– Իսկ եթե լինեիք Երեւանում…

– Ուզում եք հետաքրքրվել, թե ովքե՞ր կլինեին այդ օրը ինձ հյուր: Պատասխանեմ՝ դարձյալ մտերիմներս:

 

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

30.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031