Հայաստանի ուսանողական հավաքականը ավարտել է մրցելույթները 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում: Մեր ուսանողական մարզական պատվիրակությունը Թայվանում նվաճել է 3 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:
ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանը «Առավոտին» տված հարցազրույցում ամփոփել է մասնակցությունը ունիվերսիադային:
– Պարոն Ստեփանյան: Հայաստանի ուսանողական հավաքականի մասնակցությունը ձեզ գոհացնո՞ւմ է:
– Իհարկե՝ այո: Աշխարհի գերհզոր տերությունների հետ մրցապայքարում երեք ոսկե, մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ նվաճելը, հավատացեք, հեշտ գործ չէ:
– Դա ինչպե՞ս հնարավոր եղավ:
– Ունիվերսիադա մեկնող մարզիկների վերջնական ցուցակները նախապես ճշտված էին եւ ուսանողական մարզական ֆեդերացիան ազգային ֆեդերացիաների հետ կազմակերպական լուրջ աշխատանքներ էր կատարել:
Մեր ուսանող մարզիկները հիմնականում ազգային հավաքականների անդամներ են եւ նրանց տարեկան միջոցառումների բնականոն ուսումնամարզական գործընթացը համընկնում էր նաեւ ունիվերսիադային: Այսինքն, ուսանողական խաղերին նախապատրաստվելու առումով մարզիկները խնդիրներ չեն ունեցել: Շատ մեծ դեր կատարեց նաեւ մարզական պայքարի ոգին:
– Համաշխարհային մարզական ուսանողական խաղերը կազմակերպող երկրները մրցումային ծրագրում իրենց համար ցանկալի մարզաձեւեր ավելացնելու իրավունք են ունենում: Դա ինչպե՞ս ազդեց մեր մասնակցության վրա:
– Թայվանի բնակչությունը հիմնականում չինացիներն են ու նրանք ավելացրին ծանրամարտը եւ ուշուն: Ծանրամարտը մեզ միանգամայն ձեռք էր տալիս: Իսկ ուշուն, ինքներդ էլ տեսաք, որ բրոնզե մեդալ նվաճեցինք:
– Նախորդ ունիվերսիադաների հետ համեմատած՝ արդյունքների աճ կա՞:
– Վերջին երեք-չորս ունիվերսիադաներում նկատվում է, որ մեր լավագույն մարզիկները սկսել են մասնակցության մեծ ցանկություն ցուցաբերել, քանի որ օլիմպիական խաղերից հետո մասնակիցների քանակով եւ մրցակցության թեժությամբ ունիվերսիադաները իսկապես երկրորդ ամենախաշոր մարզական միջոցառումն են: Եվ մի հանգամանք էլ. ունիվերսիադաներին մասնակցող մարզիկների ճնշող մեծամասնությունը ի վերջո հաջորդ օլիմպիական խաղերի մասնակից է: Այնպես որ, հենց այստեղ են նրանք թրծվում եւ ճանաչում իրենց ապագա մրցակիցներին:
– Խոսեցիք ազգային հավաքականների անդամ ուսանող մարզիկների մասին: Իսկ ուսանողական սպորտն ընդհանուր առմամբ ի՞նչ վիճակում է Հայաստանում:
– Վերջին տարիներին նկատելիորեն ակտիվացել է, որը շատ կարեւոր է թե մարզական վարպետության բարձրացման, թե երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի ու սպորտի մասսայականացման առումով: Եթե նախկինում՝ ԽՍՀՄ տարիներին, հատուկենտ մարզիկներ կարող էին միջազգային ասպարեզ ելնել ԽՍՀՄ հավաքականների կազմում, հիմա հանրապետության ուսանող մարզիկները ուղիղ ճանապարհ ունեն եւ մեծ ցանկությամբ մարզվում, նախապատրաստվում են, որպեսզի ընդգրկվեն ուսանողական եւ ազգային հավաքականներ: Դրա համար բուհերում ուսանողական մարզական խաղերի ծրագրով կազմակերպվում են ներքին առաջնություններ, ձեւավորվում հավաքականները, որոնք մասնակցում են հանրապետական ուսանողական մարզական խաղերին: Սա բերել է նրան, որ շատացել են ինչպես ծրագրային մարզաձեւերը, այնպես էլ մասնակից բուհերը:
– Թայպեյում Հայաստանը հանդես եկավ յոթ մարզաձեւում: Ի՞նչն է պատճառը, որ այդքան քիչ ֆեդերացիաներ արձագանքեցին: Մանավանդ, որ ուսանողական մարզական ֆեդերացիան բոլորին նախապես իրազեկում է գալիք ունիվերսիադաների մասին: Գուցե գումարայի՞ն խնդիր կա:
– Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում Համաշխարհային ամառային ուսանողական մարզական խաղերի մասնակցության համար պետական աջակցության գումար է սահմանված, որով ԿԳՆ եւ ուսանողական մարզական ֆեդերացիա համատեղ պատասխանատվության ներքո անցկացվում են մեր խաղերը եւ Հայաստանը մասնակցություն է ունենում համաշխարհային խաղերին: Դրանից բացի, ֆեդերացիաներ կան, որոնք ազատ միջոցներ ունեն, ֆեդերացիաներ էլ կան, որոնք ունեն հովանավորներ: Այսպիսով, պետության տրամադրած գումարից զատ, որը բավարարում է հավաքական ընդգրկել իքս թվով մարզիկների, այդ ֆեդերացիաների եւ հովանավորների հատկացրած գումարների հաշվին էլի մի շարք արժանի մարզիկներ մեկնում են համաշխարհային ունիվերսիադա: Այդպես եղել է նախորդ երկու ունիվերսիադաներում, երբ մեր մարզական պատվիրակության թիվը գրեթե կրկնապատկվել է:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
30.08.2017