Մաղադանոսն օժտված է միզամուղ, լեղամուղ, հակաբորբոքային, սպազմոլիտիկ եւ քրտնաբեր ազդեցությամբ:
Պատրաստուկները բարձրացնում են արգանդի, աղիների, միզապարկի հարթ մկանների տոնուսը, ախորժաբեր են, լավացնում են մարսողությունը:
Միզաքարային հիվանդության ժամանակ խորհուրդ է տրվում 1 թեյի գդալ տերեւների եւ արմատների խառնուրդին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 2-3 ժամ, քամել: Ընդունել 1/3 բաժակ՝ օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
Լեղուղիների դիսկինեզիայի՝ շարժողականության խանգարման դեպքում 1 թեյի գդալ մանրացված սերմերին ավելացնել 1 բաժակ սենյակային ջերմաստիճանի եռացրած ջուր, թրմել 8 ժամ, քամել: Ընդունել 0.5 բաժակ՝ օրը 3-4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ:
Մեթեորիզմի՝ գազերի կուտակումը որովայնի խոռոչում, փքվածության ժամանակ 1 թեյի գդալ մանրացրած սերմերին ավելացնել 1 լիտր սենյակային ջերմաստիճանի եռացրած ջուր, թրմել 8 ժամ, քամել: Ընդունել 3 ճաշի գդալ՝ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ:
Շագանակագեղձի բորբոքման՝ պրոստատիտի ժամանակ 4 ճաշի գդալ մանրացրած արմատներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 15 րոպե, քամել: Ընդունել 1 ճաշի գդալ օրվա ընթացքում:
Հակացուցված է նեֆրիտի, սուր ցիստիտի, պոդագրայի՝ հոդատապի, հղիության ժամանակ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
30.08.2017