Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանից խռովվածները՝ Գյումրիում հարսանիքի

Օգոստոս 30,2017 23:35

Երեկ Գյումրու «Իմպերիալ» ռեստորանում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու՝ 18-ամյա Կամոյի հարսանիքին, որին մասնակցել է նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, հրավիրված են եղել ԲՀԿ-ից հեռացած գրեթե բոլոր նախկին ԱԺ պատգամավորները։ Մարտուն Գրիգորյանը նախքան հարսանիքը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ հրավիրելու է իր բոլոր ընկերներին՝ ԱԺ թե՛ ներկա, թե՛ նախկին պատգամավորների։

Ներկա են եղել մի քանի այսպես ասած «ապստամբ» ԲՀԿ-ականներ, որոնք ԱԺ ընտրություններից հետո հայտնվեցին «Ծառուկյան դաշինքի» շուրջ ստեղծված մանդատային սկանդալի մեջ, նրանց հարկադրում էին մանդատից հրաժարվելու դիմումներ գրել։ Նրանցից մեկը Կարամելի Հարութն էր՝ Հարություն Կարագյոզյանը, որը թեև ԱԺ ընտրություններում պատգամավոր ընտրվեց «Ծառուկյան դաշինքով», սակայն չհասցրեց ոտք դնել խորհրդարան․ Արա Բաբլոյանը հենց առաջին օրը ընթերցեց նրա՝ մանդատից հրաժարվելու դիմումը։ Հյուրերի թվում է եղել նաև Չերիի Վահանը՝ Վահան Կարապետյանը, որը նույնպես «Ծառուկյան» դաշինքի» վարկանիշային թեկնածուներից մեկն էր։ Ընթերցողները նրան կհիշեն ընտրարշավի ժամանակ դաժան ծեծի ենթարկվելու պատմությամբ։

Վերջինս ԱԺ ընտրություններից հետո ևս ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, այնուհետ ըմբոստացավ ու հետ վերցրեց դիմումը։ Իհարկե, վերջին հաշվով նա չհայտնվեց խորհրդարանում։ Հրավիրված է եղել նաև ապարանցի Լյովա Խաչատրյանը, որը նույնպես վերջին ԱԺ ընտրություններում առաջադրվեց «Ծառուկյան դաշինքով», սակայն մանդատից դարձյալ հրաժարման դիմում ներկայացրեց։

Գյումրիում քեֆ-ուրախության են մասնակցել նաև ԲՀԿ-ից ՀՀԿ տեղափոխված ու պատգամավոր չընտրված Բազմասեր Առաքելյանն ու Մուշեղ Պետոյանը։ Հարսանքավորների մեջ եղել է նաև եղել նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը։

Մի խոսքով, երբեմնի ակտիվ ԲՀԿ-ականները մի մարդու պես մասնակցել են իրենց նախկին կուսակից ընկերոջ որդու հարսանիքին։

ՀՀԿ-ականներից մասնակցել են երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ վարկանիշային ցուցակով ընտրված անկուսակցական, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը, Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Միակ դաշնակցականը եղել է Շիրակ մարզպետը՝ Արթուր Խաչատրյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031