Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզպետը պատրաստակամ է գարեջրի սարքավորումները Սլովակիայից սահմանամերձ Ոսկեվան տեղափոխել

Օգոստոս 30,2017 23:20

Օգոստոսի 30-ին կայացավ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստ, որին մասնակցում էր ավագանու 15 անդամներից 11-ը: Այն վարում էր Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը: Օրակարգում ընդգրկված էր 10 հարց, որոնցից մեկը առնչվում էր Ոսկեվան գյուղական համայնքի եւ «Սլովակիա» ՍՊԸ-ի միջեւ 2014թ. հոկտեմբերի 2-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը վերանայելուն:

Սահմանամերձ Ոսկեվան գյուղը 2016 թվականից մաս է կազմում խոշորացված Նոյեմբերյան համայնքի: Այդ հարցի քննարկմանը մասնակցում էր նաեւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նիստին հրավիրվել էր «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Բարսեղյանը: Վերջինս ծննդով Ոսկեվան գյուղից է, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահն է:

2014թ. հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագրով Ոսկեվանի բժշկական ամբուլատորիայի նախկին շենքը, որպես նվիրատվություն տրվել է «Սլովակիա» ՍՊԸ-ին, ՍՊԸ-ն պարտավորվել է 2 տարվա ընթացքում 300 հազար եվրոյի ներդրում կատարել, վերանորոգված շենքում գարեջրի, հոնի օղու գործարան գործարկել: Ներդրումները Սլովակիայից են: Ս. Բարսեղյանը հայտարարեց, որ նվիրատվություն հանձնված շենքը նորոգվել է, այնտեղ նաեւ նոր շենք է կառուցվել, շինարարության համար ընդհանուր առմամբ ծախսվել է 100 հազար եվրոյին համարժեք գումար:

Նա ասաց, որ Սլովակիայում գնել են գարեջրի արտադրության համար պահանջվող սարքավորումները, որոնք պետք է ներկրվեն Ոսկեվան: Ս. Բարսեղյանն առաջարկում էր այդ շենքը կադաստրային արժեքով վաճառել «Սլովակիա. ՍՊԸ-ին, նաեւ վերջինիս ազատել Ոսկեվանի գյուղական համայնքի հետ կնքված պայմանագրում նշված, ընկերության կողմից աշխատատեղեր ստեղծելու պարտավորություններից: Ավագանու անդամները հայտնեցին, որ Ոսկեվան համայնքի հետ կնքված պայմանագրի 2 տարի ժամկետը վաղուց անցել է, այնտեղ գործարան չի գործարկվել, աշխատատեղեր չեն ստեղծվել:

Նրանք ասացին, որ Ոսկեվան համայնքի կողմից շենքը նվիրատվության կարգով տրվել է «Սլովակիա» ՍՊԸ-ին, ներդրումներ կատարելու պայմանով, մինչդեռ նվիրատվության պայմանագիրը չի կարող որեւէ պայման պարունակել, նոտարական վավերացում ստացած այդ պայմանագիրը իրավաբանորեն առոչինչ է: Ավագանու անդամները հայտարարեցին,որ համաձայն են առանց որեւէ գումարի այդ շենքը պատկանի նշված ՍՊԸ-ին, սակայն միայն այնտեղ գործարան գործարկելուց հետո:

Մարզպետ Հովիկ Աբովյանը Ս. Բարսեղյանին ասաց, որ վերջինս հանրապետության ղեկավարությանը նամակներ է ուղարկել, որոնցում նշել է, որ Տավուշի մարզպետը խոչընդոտում է Տավուշի սահմանագոտում ներդրումներ կատարելուն: Մարզպետը Ս. Բարսեղյանին հարցրեց՝ ինքը չի՞ օգնել նրան: Ս. Բարսեղյանն ասաց, որ մարզպետն իրեն աջակցել է մինչեւ 2017թ. փետրվարը, երբ ծագել է Աչաջուր գյուղում «Սլովակիա» ընկերության կողմից ձեռք բերված հողամասում հանքային ջրերի գործարան գործարկելու հարցը, ջրի այդ ակունքին հավակնում է նաեւ Իջեւանի գինու գործարանը:

Մարզպետն ասաց, որ հողի ընդերքը շահագործելու թույլտվությունը Տավուշի մարզպետարանը չի տրամադրում, այլ՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը , նաեւ հայտարարեց, որ ինքը Ս. Բարսեղյանին աջակցել է Աչաջրում այդ հողատարածք գնելու գործին:

Հ. Աբովյանը հետաքրքրվեց, թե երբ Ս. Բարսեղյանը Սլովակիայից կտեղափոխի գարեջրի արտադրության սարքավորումները: Մարզպետն ասաց, որ ինքը պատրաստ է 8 օրվա ընթացքում այդ սարքավորումները հասցնել Ոսկեվան:

Նիստի ընթացքում նշվեց, որ «Սլովակիա» ընկերությունը 2 հողատարածք է գնել Աչաջարում, նաեւ՝ Վազաշենում: Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հայտնեց, որ Ս. Բարսեղյանը Ոսկեպարում իրեն հանդիպելով ՝ պատրաստակամություն է հայտնել ձեռք բերելու Ոսկեպար գյուղից վերեւ, նախկինում ադրբեջանաբնակ Յուխարի Ասքիպարա գյուղում գտնվող նախկին պիոներական ճամբարի տարածքը: Ս. Բարսեղյանը հայտարարեց, թե ինքը ցանկացել է այդ տարածքում «Տավուշ» միջազգային հայրենակցական միության ճամբար գործարկել:

Ս. Բարսեղյանը նշեց գործարան գործարկելու պարտավորությունները չկատարելու պատճառները՝ Ոսկեվանի ադրբեջանական գնդակոծությունները,որի պատճառով աշխատանքները ընդհանուր առմամբ 8 ամիս դադարեցրել են, նաեւ՝ Աչաջրում հանքային ջրի գործարան գործարկելու խոչընդոտը եւ այն, որ Ոսկեվանի գնդակոծությունից հետո նշված շենքի կրած վնասների համար իրենք պետական բյուջեից դրամական փոխհատուցում չեն ստացել: Ս. Բարսեղյանը ասաց, որ այդ հանգամանքները հիասթափեցրել են սլովակ ներդնողներին: Նիստի մասնակիցները նշեցին,որ ադրբեջանական գնդակոծությունները չէին կարող 8 ամսվա պարապուրդի պատճառ դառնալ,իսկ պետական բյուջեից առաջնահերթ փոխհատուցում տրվել են գնդակոծությունից տուժած բնակելի տներին: Ավագանու անդամներն ասացին,որ Ոսկեվանում գործարան աշխատեցնելը պետք է 2 տարվա ընթացքում արվեր, իսկ Աչաջրում հանքային ջրի գործարան կառուցելու խնդիրն ավելի ուշ, այս տարի է ծագել, դրանք իրար հետ չառնչվող խնդիրներ են:

Ս. Բարսեղյանը ավագանու անդամներին առաջարկեց «Սլովակիա. ընկերությանը 2 տարի ժամկետ տալ ՝ Ոսկեվանում գործարանը գործարկելու համար: Ավագանու անդամները դրան չհամաձայնվեցին, ասելով, որ նախկինում այդ ժամկետը տրվել է: Մի քանի ժամ բուռն քննարկումներից հետո ավագանու անդամները քվեարկությամբ միաձայն ընդունեցին հետեւյալ որոշումը՝ »Սլովակիա» ՍՊԸ-ին առաջարկել մինչեւ 2017թ. հոկտեմբերի 5-ը ներկայացնել մինչեւ 2018թ. սեպտեմբերի 1-ը Ոսկեվանում գործարան գործարկելու աշխատանքային պլան, ժամանակացույց, դրանք չներկայացնելու, աշխատանքային պլանը եւ ժամանակացույցը խախտելու դեպքում լուծել այդ ընկերության հետ նախկինում կնքված պայմանագիրը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031