Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշեցի ու վառեցի». լուսանկարիչ Գագիկ Հարությունյանն իր այրված լուսանկարների մասին. (Տեսանյութ)

Օգոստոս 30,2017 21:03

«Արտերկրում արված լուսանկարներում պետք է օրինակ` սիրուն աղջիկ չլիներ, որպեսզի իմ լուսանկարների միջոցով կապիտալիզմ չքարոզեի»,-այսօր «Միրզոյան» գրադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը: Լուսանկարչին հրավիրել էին խորհրդային տարիների լուսանկարչական փորձի մասին զրուցելու:

Գագիկ Հարությունյանի խոսքով, սերը դեպի լուսանկարչություն սկսվել է պատանեկան տարիներից, քանի որ ֆոտոապարատ է ունեցել եւ բոլորի պես սկզբում, ինչպես ինքն ասաց, «փիսիկ ու շունիկ» է լուսանկարել: Ավելի ուշ որոշել է լուսանկարչությունը լուրջ զբաղմունք դարձնել: Հիշում է, որ արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ գրեթե ժամանակ չի ունեցել մարդկային պատմություններ, առարկաներ լուսանկարելու, քանի որ մշտապես մեկնել է պատվիրակությունների կազմում եւ բուն աշխատանքը նրանց նկարելն է եղել:

Այդ պատճառով էլ Դանիայից, Ֆրանսիայից, անգամ Աֆրիկայից չի բերել այնպիսի լուսանկարներ, որոնք կներկայացնեին այդ երկրներն իրենց ողջ գունապնակով, այլ սովորական, շարքային լուսանկարներով է վերադարձել: Այդուհանդերձ խորհրդային տարիներին այդ երկրներից բերված լուսանկարները, որոնք ցուցադրել է Հայաստանում, մեծ հետաքրքրություն են առաջացրել: Ինչպես լուսանկարիչն է պատմում, աշխատել է ցուցահանդեսում այնպիսի լուսանկարներ ի ցույց դնել, որտեղ ոչ մի պարագայում կապիտալիզմի քարոզ չկար:

Մասնագիտությամբ մետաղների մշակման տեխնոլոգ է, սակայն երկար չի կարողացել մասնագիտությամբ աշխատել, ուշքն ու միտքը լուսանկարչությունն է եղել եւ մի օր բուն մասնագիտությունը թողել` սիրած գործով է զբաղվել: Սակայն, ինչպես լուսանկարիչն է պատմում, այդ տարիներին դժվարությամբ է աշխատանք գտել: Ասում է` տարիներով պետք է սպասեիր, որ այդ հաստիքում աշխատողը աշխատանքից դուրս գար ինչ-ինչ պատճառներով, որպեսզի նրա տեղը քեզ ընդունեին:

Մանրամասները` տեսանյութում

Նրա խոսքով այդ տարիներին` 70-ականներին Հայաստանում եղել են օջախներ, որտեղ մարդիկ կարող էին լուսանկարչության պրոֆեսիոնալ դպրոց անցնել, սակայն հիմի այդ էլ չկա: Նրան ուրախացնում է, որ հիմի լուսանկարչությունը համարվում է արվեստ. «Այն ժամանակ լուսանկարչությունը չէր համարվում արվեստ, հիմա իմ լուսանկարների ցուցահանդեսից հետո, երբ տեսա, թե մարդիկ ոնց են նայում, հասկացա, որ արվեստ է, բա ինչ է»:

Առաջին անհատական ցուցահանդեսը լուսանկարչության վարպետն ունեցել է 1977 թվականին: Երբ նրան հարցրին, թե ինչու է այրել իր լուսանկարների հավաքածուի որոշ լուսանկարներ ասաց` «Որոշեցի ու վառեցի:
Նրա խոսքով իրեն ավելի շատ հաճույք է պատճառել Հայաստանի շրջաններում, գյուղերում լուսանկարելը, քան` արտասահմանում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031