Շիրակի մարզի քաղաքներում՝ Գյումրիում ու Արթիկում արդեն իսկ հստակեցված է օպտիմալացվող դպրոցների ցանկը։ Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, թվարկելով դրանք, ասաց, որ Գյումրիում թիվ 3 ավագ դպրոցը լուծարվել է, գույքն անվարձահատույց տրամադրվել է Շիրակի պետական համալսարանին։ Արդյունքում, ըստ պաշտոնյայի, Շիրակի պետական համալսարանին կից գործող ավագ դպրոցներն ու վարժարանը միավորվելու են՝ դառնալով մեկ ավագ դպրոց։ Գյումրու «Բալատոն» վարժարանը միավորվել է թիվ 2 ավագ դպրոցի հետ, թիվ 42 ավագ դպրոցն էլ՝ թիվ 23 հիմնական դպրոցին՝փոխելով կարգավիճակը։ Մեկ օպտիմալացում էլ կա Շիրակի մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում․ թիվ 7 ավագ դպրոցը միավորվելու է թիվ 3 ավագ դպրոցի հետ։
Թե ինչպե՞ս է լուծվելու տնօրենների հարցը, արդյո՞ք սա չի ենթադրում պաշտոնակռիվ, իսկ ամենամտահոգիչն է՝ աշխատակիցների կրճատումներ, մեր զրուցակիցն ասաց․ «Կառավարության որոշում կա, մենք մեր ձեռքի տակ չունենք, գրավոր ներկայացված չէ, որպեսզի կազմակերպվի թվարկված վերակազմավորումը»։
Ըստ նրա, տնօրենի ընտրությունը կախված է այն հանգամանքից, թե դա միավորո՞ւմ է, միաձուլո՞ւմ է, թե՞ կազմակերպում ու լուծարում է։ «Երբ մեր ձեռքի տակ կունենանք համապատասխան փաստաթուղթ, կկարողանանք հստակ պատկերը ներկայացնել՝ կլինի տնօրենի ընտրություն, թե՞ կլինեն իրավահաջորդներ․ նախկին տնօրենները կմնան իրենց պաշտոնում», -ասաց Հրայր Կարապետյանը։
Մեր հարցին՝ թե՞ չկա վտանգ, որ աշխատակիցներ կկրճատվեն․ Շիրակի մարզում այնպիսի ծայրահեղ վիճակ է, որ մարդիկ դողում են անգամ հավաքարարի, պահակի աշխատանքի վրա, ու յուրաքանչյուր կրճատվող անզորությունից բռնում է արտագաղթի ճամփան, Հրայր Կարապետյանն ասաց․ «Բնականաբար վտանգը կա, այս մասին լուրջ խորհրդակցություն է տեղի ունեցել և խնդիրը դրված է եղել՝ հնարավորինս կարողանալ ապահովել մանկավարժական հանրույթներին աշխատատեղերով, ապահովել դասաժամերով։ Չեմ բացառում, որ վարչական մասով մենք կունենանք որոշակի կրճատումներ, բայց և այնպես, փորձելու ենք ամեն կերպ անել այնպես, որ մանկավարժներ դուրս չմնան։ Եթե լինեն այդպիսի դեպքեր, կլինեն շատ քիչ, շատ չնչին , կգտնենք տարբերակներ ու կապահովենք աշխատեղերով։ Եթե այս խնդրին նայենք այլ տեսանկյունից, այդ դպրոցների չվերակազմավորվելու դեպքում էլ, աշակերտ չլինելու պարագայում կլինեին այդ նույն խնդիրները՝ աշխատանքից հեռացումներ, կրճատումներ՝ անկախ միավորումից ու միավորման ձևից»։
Հրայր Կարապետյանի հավաստիացնելով, նախորդ տարվա հետ համեմատ այս տարի Շիրակի մարզի աշակերտների թիվը մոտ 2000-ով ավելանում է։ Մարզպետարանի պաշտոնյան ասում է, որ թեև արտագաղթը իր վատ ազդեցությունն է թողնում աշակերտների թվաքանակի վրա, սակայն վերջին շրջանում նկատել է նաև ՌԴ, երբեմն նաև Եվրոպա արտագաղթած ընտանիքների վերադարձ, այդ երկրներում նրանց քաղաքացիության հարցը չի լուծվում, արտաքսում են կամ սպասելիքները չեն արդարանում, աշխատանքի հարցը չի լուծվում ու վերադառնում են հայրենիք։ Հրայր Կարապետյանը կոնկրետ օրինակներ ունի իր ձեռքի տակ, երբ եկել ու խնդրել են դպրոց հետ վերցնել աշակերտներին։ Մեր զրուցակցի փաստմամբ, մեկ տարվա կտրվածքով 100-ից ավելի նման դեպք է գրանցվել։
«Աշակերտների թվի աճը պայմանավորված է տարրական օղակի, հատկապես առաջին դասարանցիների ավելի շատ ընդունելության քանակով և ավարտական դասարանների ավելի քիչ ավարտող աշակերտների թվաքանակով։ Առաջին դասարանցիների համար ասեմ, որ գրեթե նույն պատկերն է, ինչ նախորդ երկու տարիները, նախնական կոմպլեկտավորմամբ պիտի ունենայինք 3255, բայց այս պահին ունենք 3100 ու մի քիչ ավելին, բայց դեռ օրեր ունենք։ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ մի շաբաթվա ընթացքում կշարունակենք ընդունելություն կատարել առաջին դասարանցիների։ Հուսով ենք նախորդ տարվա հետ համեմատ նույն պատկերը կլինի, եթե տարբերություն էլ լինի, կլինի շատ չինչին»,-ասաց Հրայր Կարապետյանը։ Նախորդ տարի առաջին դասարանցիների թիվը եղել է 3190։
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի, ի տարբերության նախորդ տարվա, երբ Շիրակի մարզի թվով 5 դպրոցներում առաջին դասարան չկար, այժմ չկա որևէ գյուղական դպրոց, որտեղ առաջին դասարան հաճախող չլինի։ Գուցե որոշ տեղանքներում աշակերտները քիչ են, ասենք մի հոգի, այդուհանդերձ առանց առաջին դասարանի դպրոց չկա։
Ի դեպ, Շիրակի մարզում կան ծայրահեղ վատ վիճակում գտվող դպրոցներ, որոնք շենքային պայմաններ գույք՝ սեղան-աթոռ ու գրատախտակ չունեն։ Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի ասելով, նման կրթօջախների թիվը 5-ից ավել է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ