Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ,1988թ. ծնված, չաշխատող Կարեն Առաքելյանը եւ նույն գյուղի բնակիչ, 1971թ. ծնված, պայմանագրային զինծառայող Վանիկ Վարդազարյանը 2016թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում նույն գյուղի «Կայանի մոտ» տարածքում 8000 դրամ պարտքի վերաբերյալ վիճաբանել են:
Կ. Առաքելյանն իր մոտ գտնվող խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածել է Վ. Վարդազարյանի որովայնին, պատճառել ծակած-կտրած վերք, առողջությանը ծանր վնաս: Վ. Վարդապետյանը քարով դիտավորությամբ հարվածել է Կ. Առաքելյանի գլխի շրջանին,նրա առողջությանը պատճառել ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս:
Կ. Առաքելյանին եւ Վ. Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Սույն հոդվածը նախատեսում է 3-7 տարի ժամկետով ազատազրկում: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մինչ դատաքննությունը սկսվելը Առաքելյանը եւ Վարդազարյանը միջնորդել են դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, դատարանը բավարարել է այդ միջնորդությունը:
Պատիժ նշանակելիս դատարանը Կ. Առաքելյանի եւ Վ. Վարդազարյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նրանք դատվածություն չունեն, բնութագրվում են դրական, ընդունում են մեղքը, անկեղծորեն զղջում են կատարածի համար, հաշտվել են միմյանց հետ, Կ. Առաքելյանի խնամքին է գտնվում մինչեւ 14 տարեկան չորս երեխա, Վ. Վարդազարյանի խնամքին է գտնվում անչափահաս մեկ երեխա:
2017թ. օգոստոսի 15-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Կ. Առաքելյանին եւ Վ. Վարդազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով եւ նրանցից յուրաքանչյուրին դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ