Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գրին քարտ ստանալու համար դիմողները պարտադիր կերպով հարցազրույցի կկանչվեն: Դա կարող է զգալիորեն դանդաղեցնել ԱՄՆ-ում ներգաղթյալների մշտական բնակություն ստանալու հարցը, գրում է CNN-ը:
Փաստորեն, այսուհետ գրին քարտի բոլոր դիմորդների համար հարցազրույցը պարտադիր է դառնում, մինչդեռ նախկինում ԱՄՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայությունը (USCIS) բոլորին չէ, որ կանչում էր հարցազրույցի: Այդ քայլն ուղղված է խարդախությունների դեմ պայքարելու և անօրինական ներգաղթին վերջ տալու համար, ինչի վրա կենտրոնացած Թրամփը իր ընտրարշավի ամբողջ ընթացքում:
Նոր քաղաքականությունը կսկսի գործել հոկտեմբերի 1-ից:
CNN-ը հիշեցնում է, որ Դեռ Սան Բերնարդինոյի ահաբեկչական գործողությունից հետո (որի կազմակերպիչներից մեկը ԱՄՆ էր մուտք գործել որպես փեսացու) Օբամայի վարչակազմը մտածում էր ընդլայնել թիրախավորված հարցազրույցների թիվը: Սակայն ժամանակին այդ քայլը նպատակահարմար չի համարվել:
Մյուս կողմից, նոր օրենքի քննադատները կարծում են, որ այս որոշմամբ ավելի կերկարի գրին քարտի դիմումների մշակման ժամանակը:
Թրամփի վարչակարգում էլ պնդում են, որ անձնապես մարդկանց հետ հարցազրույց անցկացնելով՝ իրենք կարող են ստուգել դիմորդին և գնահատել՝ որքանով է նա վստահելի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ