Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոգեբանը ոստիկանությանը` «Ինձ այդ կինոն պետք չի»

Օգոստոս 30,2017 19:07

Երեկվա միջադեպը, որի ժամանակ բիլիարդի խաղասրահում մի տղամարդ  պատանդ էր վերցրել մի կնոջ եւ դեպքն ավարտվեց պատանդառուի մահվան ելքով, քանի որ դիպուկահարը վնասազերծեց հանցագործություն կատարած անձին, երկու օր է սոցցանցերում, քաղաքացիների շրջանում բուռն քննարկման թեմա է:

Նախ` քննարկվեց, թե ինչու նախքան հանցագործին վնասազերծելը պատանդառուին հոգեբանի աջակցություն չեղավ, ոստիկանության հասցեին նաեւ քննադատություններ հնչեցին, թե ինչո՞ւ դեպքի վայրը չէր մեկուսացվում եւ ոստիկանության գործողությունները կատարվում էին հասարակության աչքի առաջ:

Արշակ Գասպարյան

Aravot.am-ի հետ զրույցում քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանն ասաց, որ նման դեպքերում ԱՄՆ-ում, Եվրոպական մի շարք երկրներում դեպքի վայրում աշխատում են վերապատրաստված բանակցողներ, որոնք հոգեբանի բազային կրթություն ունեն:

«Չի բացառվում, որ լինեն սոցիալական աշխատողներ, կրիմինալիստներ կամ ոստիկանության նախկին աշխատողներ, որոնց վերապատրաստում են, որպես բանակցող»:

Ըստ պարոն Գասպարյանի, դեպքի վայրում հոգեբանի ներկայությանը միայն մեկ անգամ ենք ականատես եղել` 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի դեպքերի ժամանակ, երբ ժամանել էին ԱԻՆ-ի աշխատակիցները, որոնց հետ հոգեբան է եղել. «Հոգեբանական աջակցություն եղավ, բայց թե արդյունքն ինչ եղավ, չգիտենք, բայց կարեւորն այն է, որ հասարակության աչքին երեւաց, որ աջակցություն կա»:
Քրեական արդարադատության հոգեբանը գտնում է, որ ոստիկանությունը,  ազգային անվտանգությունը, ինչու չէ նաեւ քննչական մարմինները, պիտի ունենան հոգեբան-մասնագետներ, որոնք կկարողանան բանակցել հանցագործություն կատարողի հետ, սակայն, ցավալի է, որ չունենք:

«Որովհետեւ պիտի ունենք նաեւ դրա կրթությունը, ամեն հոգեբան-մասնագետ չէ, որ կարող է բանակցել, ամեն հոգեբան մասնագետ չէ, որ նման սթրեսային կամ ճգնաժամային իրավիճակում կարող է կամ ունի բանակցելու այդ հմտությունը: Սրանք հմտություններ են, որոնք պետք է տրվեն հանցագործի հետ բանակցող մասնագետներին, որը չերեւաց ո՛չ ոստիկանության տեսահոլովակում ո՛չ էլ որեւէ պաշտոնական հաղորդագրությունում»:
Պարոն Գասպարյանի խոսքով, դրա անհրաժեշտությունը շատ չի եղել դրա համար էլ ոստիկանությունը չի նախատեսել այդպիսի հաստիք. «Բայց հանցագործությունները, որպես հասակական երեւույթ, փոխվել են եւ դրան զուգահեռ մենք  պետք է անընդհատ պատրաստ լինենք ե’ւ հուլիսյան դեպքերի պես դեպքերին ե’ւ այս վերջի դեպքի նման դեպքերին, որտեղ մենք կունենաք պատանդներ: Այդ նույն բանը  պարտադիր պետք է ունենա նաեւ քրեակատարողական համակարգը»:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունները հանրության աչքի առաջ կազմակերպելուն, ապա հոգեբանի խոսքով, առաջին դեպքը չէ, երբ ազգային անվտանգության հետ համատեղ միջոցառումներ են տեղի ունենում եւ  մարդկանց աչքի առաջ կազմակերպված խումբ են բռնում. «Սա, ինձ թվում է,  մի քիչ մշակույթի խնդիր է: Ընդհանրապես մենք մեծածավալ գործողություններ` մարդկանց ձերբակալություններ ինչպես ենք անում: Սա շատ չենք ունեցել եւ դրա համար մեր մեջ մշակույթ չի ձեւավորվել տարածքը ժապավեններով առանձնացնելու, մարդկանց մոտենալ թույլ չտալը եւ այլն: Բացառիկ դեպքերում, այդպես անում են, երբ սպանության հետ գործ ունենք մարմինն այլանդակված է, շատ հուզական տեսարան է եւ որպես կանոն  հարազատներին, հարեւաններին թույլ չեն տալիս մոտենալ: Բայց մենք պիտի կարողանանք հասկանալ, որ նախ` ոստիկանը պիտի կարողանա գնահատել իրավիճակի ռիսկը, սա գիտելիք է: Դու կարող է հանցագործի հետ շատ լավ կարողանաս  հարցազրույց վարել, հարցաքննել, բայց դու չկարողանաս գնահատել այդ անձի վտանգը հասարակության մեջ, սա ամենակարեւոր գործառույթն է, որը նույնիսկ օրենսդրական կարգավորում չունի:

Այսինքն` մենք ունենք նախականխում, կանխարգելում , բացահայտում տերմինը, որոնց բացատրությունները ենթադրել են տալիս, որ դա ռիսկի գնահատումն է, բայց ռիսկ բառը, վտանգ բառը մեր օրենսդրությունում մենք չունենք: Այսինքն` իրավական դաշտում մենք պիտի կարողանանք պատասխանատվություն եւ գործառույթ նախատեսել` դիցուկ վտանգ գնահատելու իմաստով»:

Հոգեբանի խոսքով. «Վտանգը մենակ այն չէ, որ հանցագործություն կատարող անձը կարող է կրակել հասարակության անդամների վրա, վտանգը նա է, որ քո կատարած գործողությունները երբեք քրեական ազդեցություն չեն կարող ունենալ հասարակության վրա: Ինձ, որպես հասարակության անդամ չի հետաքրքրում քո բռնի, նույնիսկ օրենքի շրջանակներում, ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը: Ինձ այդ կինոն պետք չէ: Ինձ պետք չեն  կինոյի տղաները եւս: Եվ, անկախ նրանից, դու ինչքան ես ուժեղ, ինչքանով ես պատրաստված, ինչքանով ես  կարում գեղեցիկ հնարքներ անել` սամբոյի, ձյուդոյի եւ մնացած, դա քո գործն է, հասարակության տեսնելու բանը չէ: Եվ, երբ  որ ընդհանրապես հանցագործության դեպքի վայրը փակվում էր հասարակությունից դրա խնդիրը միայն այն չէ, որ մարդիկ չտեսնեն այլանդակված դեմքեր, ավտովթարի արդյունքում մասնատված մարմին, չէ, մարդիկ չեն ուզում տեսնել նաեւ ձեր գործողությունները, որի մի մասը գաղտնի է, որի մասը տգեղ է եւ այլն: Հասարակության աչքից պետք է հեռու պահել: Բայց սա տեխնիկա է եւս, որը պետք է շատ հստակ օրենսդրական կարգավորումներ ունենա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031