Օգոստոսի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին:
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը՝ հույս հայտնելով, որ այս այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջպետական կապերի ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար` Իգոր Ցրնադակը շեշտեց, որ իր այցելության նպատակը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությանը խթան հաղորդելն է։
Հանդիպման ընթացքում արտգործնախարարները մտքեր փոխանակեցին թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման, զարգացման և ամրապնդման վերաբերյալ:
Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվեցին ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ նշելով, որ արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը կարող է լավ մեկնարկ հանդիսանալ քաղաքական երկխոսության խորացման համար:
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարներն անդրադարձ կատարեցին երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման ուղիներին։
Նախարարները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ։
Զրուցակիցներն անդրադարձան նաև միջխորհրդարանական ձևաչափով փոխգործակցությանը, քննարկեցին ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները:
Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը: Երկուստեք ընդգծվեց ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:
ՀՀ ԱԳՆ