«Շատ ցավում եմ, որ տնօրենը կամ աշխատակիցները չեն հասկանում այն քաղաքականությունը, որը մենք ենք ուզում ձեւավորել: Խոսքը ամենեւին չի վերաբերվում բիզնեսին, այլ ավելի շատ հանրահռչակելու այն բացառիկ նյութերը, որոնք պահվում են թանգարանում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն`անդրադառնալով Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի շուրջ առաջացած աղմուկին: Նախարարը «խայտառակ վատ» է գնահատում թանգարանի ցուցանիշները`թե այցելուների քանակը, թե դրամային հոսքերը, թե մատուցած ծառայությունները:
«Տեսնում եմ խայտառակ պասիվություն։ Ակնկալում ու պահանջում եմ ակտիվություն։ Ձեր յուրաքանչյուր վայրկյանը պետք է ծառայի թանգարանի առողջացմանը։ Բացեք թանգարանի դռները, հանրահռչակեք անգնահատելի այն գանձերը, որոնք հավաքել եք 1955 թվականից ի վեր։ Դուք ունեք բացառիկ նմուշներ, դրանք մատուցելու ժամանակակից միջոցներ ու հնարավորություններ գտեք»,- օրերս էլ թանգարանի տնօրինությանը նման դիտողություն էր արվել։
Նախարարն ասում է, որ իրենց մտահոգությունն այն է, որ թանգարանը հնարավորինս լայն բացի իր դռները եւ կանչի հասարակությանը դեպի թանգարան`առկա բացառիկ գանձերը ներկայացնելու համար:
Տարբեր հարցազրույցներում թանգարանի աշխատակիցները եւ տնօրենը սրտնեղել էին. «Կարո՞ղ է Չարենցի ձեռագրերը հանենք-ծախենք, թանգարանն ի՞նչ բիզնես կարող է անել, մեր փողո՞վ պետք է բյուջեն լցնեն», «Այստեղ խնդիրն այն է, որ ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե այդ ամենն ինչպես պետք է վերածել դրամի… ուղիները, փառք Աստծո, նախարարը եւ նախարարության աշխատակազմն ինձ մատնանշեցին»։ Խոսքը հուշանվերների գործը զարգացնելու մասին է. «Դե, կլինի հուշանվեր, գլխաշոր, տակաշոր, չգիտեմ ինչաշոր…, դրան գումարած նաեւ այն ծառայությունները, որ մենք մատուցում ենք։ Ենթադրենք՝ ուսանողները, ասպիրանտները, գիտաշխատողները, որ օգտվում են մեր ֆոնդերից, մենք պետք է այսուհետ վճար պահանջենք, որ մինչեւ հիմա իմ պատասխանատվությամբ դա անվճար էինք անում, կարծելով, որ ինչքան շատ տարածվի, հանրահռչակվի, այնքան լավ։ Որովհետեւ ուսանողը, գիտաշխատողը հենց այնպես չի ուսումնասիրում, արդյունքում մենք ունենում ենք մի հոդված կամ մենագրություն։ Դա իմ սուբյեկտիվ մոտեցումն էր, եւ անվճար էինք սպասարկում։ Հիմա որոշ սիմվոլիկ գումար՝ 50-100 դրամ կսահմանենք եւ կտեսնենք, թե ինչ արդյունք կունենա»։
«Ես կոնկրետ առաջարկել եմ, որպեսզի ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպեն տարբեր հյուրանոցներում, մարդաշատ վայրերում, որպեսզի մեր քաղաքի զբոսաշրջիկներին եւ քաղաքացիներին բաժանվեն ծալաթերթիկներ, որպեսզի մարդիկ տեղեկանան թանգարանի մասին: Շատ շատերը չգիտեն անգամ թանգարանի գոյության մասին»,- ասում է Արմեն Ամիրյանը`հավելելով, որ դա չի նշանակում բիզնեսի վերածել:
Այլ մանրամասները`տեսանյութում
Օրերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր ֆեյսբուքյան գրառում արել`հայոց լեզվի աղքատ լինելու մասին: Այն բավական քննարկվեց-քննադատվեց: Արմեն Ամիրյանից հետաքրքրվեցինք`ինքն ինչպե՞ս է վերաբերվում Հրանտ Բագրատյանի վերլուծությանը: «Շատ հարգում եմ պարոն Բագրատյանի բոլոր տեսակետները`անկախ նրանից դրանց ծանոթ եմ, թե`ոչ: Կոնկրետ այդ տեսակետին ծանոթ չեմ: Բայց, եթե նույնիսկ աղքատ է, իմ լեզուն ինձ բոլորովին չի խանգարում արտահայտել իմ մտքերը`լիովին»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ