Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Երեւանի հիմնական եւ ավագ դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ որոշ գրառումներ է արել եւ մանկավարժներին ու տնօրեններին իր գնահատականներն է ուզում տալ:
Նա նախ ասաց, որ հիմնական եւ ավագ դպրոցները պետք է իրար հետ համագործակցեն բարեկամի նման: Հետո նա ասաց, որ մանկապարտեզների տնօրեններին նոր հանձնարարություններ են տվել. «Հերթացուցակներ են գոյանում երեխաների հաճախելիության հետ կապված: Այն երեխաները, որոնք պետք է գնան դպրոց, անպայման գոնե մեկ տարի պետք է մանկապարտեզ այցելեն եւ պատրաստվեն առաջին դասարանի համար: Մենք հաջորդ տարիներին այս խնդիրը ամբողջությամբ կլուծենք եւ ձեզ ավելի պատրաստված երեխաներ կուղարկենք»:
Հաջորդ խնդիրը, որին անդրադարձավ քաղաքապետը, հետեւյալն էր. «Երբ շեշտում են, թե աշակերտների թիվը շատ է, ուրեմն լավ դպրոց է, ասեմ, որ կան պատճառներ աշակերտների թվի շատ լինելու: Դա դպրոցի աշխարհագրական դիրքն է, դպրոցի պայմաններն են, դպրոցի մանկավարժական կոլեկտիվի լավ աշխատանքի արդյունքն է: Բայց երբ որ այդ դպրոցից մենք չենք ունենում օլիմպիադաների մասնակիցներ կամ հաղթողներ, արդեն մեզ համար ցավալի է: Ինձ համար գնահատականների չափորոշիչներից մեկն էլ դա է՝ այն դպրոցները, որոնք կարողանում են օլիմպիադաներում միջազգային ստուգատեսներում հաղթողներ լինել կամ ցուցանիշներ ունենալ, ես հորդորում եմ մեր դպրոցների տնօրեններին, որ այս ուղղությամբ ձեր ուշադրության կենտրոնում պահեք, քանի որ սա գնահատականների չափորոշիչներից մեկն է: Պետք է ձգտեն բոլոր դպրոցներում այնպիսի աշակերտներ պատրաստել, որոնք ներկայանալի լինեն ոչ միայն Երեւանում, այլ Հայաստանի Հանրապետությունում եւ դրանից դուրս: Նման աշակերտների թիվը քիչ է, ակնկալում ենք, որ հաջորդ տարի այս խնդիրը ձեր ուշադրության կենտրոնում պահեք»:
Հետո քաղաքապետը դիտողություն արեց տնօրեններին՝ «Նախորդ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ես ձեզ ասացի, որ Երեւան քաղաքը շուրջ 50 քաղաքների հետ հուշագրեր ունի ստորագրած՝ քույր քաղաքներ են, համագործակցություն ոլորտներում ունի, շատ քիչ դպրոցներ արձագանքեցին: Պետք է նաեւ մեր քույր քաղաքների փորձն ուսումնասիրել, համագործակցել, կապեր ստեղծել եւ կարողանանք ակտիվ միջազգային ստուգատեսներին մասնակցել, ներկայանալ»:
Քաղաքապետը նաեւ ասաց, որ դպրոցների խորհուրդները ձեւական են, նա հորդորեց, որ դպրոցների տնօրենները խիստ լինեն: Նաեւ ասաց, որ այդ խորհուրդները պետք է թափանցիկ գործեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ