Այսօր Երեւանի դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատողություն արեց դպրոցների տնօրեններին:
Նա անդրադարձավ «Օգնիր դպրոցիդ» ծրագրին, որը 2011-ից գործում է. «Ես ուզում եմ մեր դպրոցների տնօրեններին հիշեցնել, թե «Օգնիր դպրոցիդ» կայքը, որը թափանցիկ է եւ հասանելի է մեր քաղաքացիների համար, եւ հաշվետվություն է բոլոր ծնողներին, հիմնականում գաղափարը դրա հետեւյալն էր՝ այն աշակերտները, ովքեր այդ դպրոցում սովորել են, ավարտել են, ունեցել են հաջողություններ կյանքի ընթացքում՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական, մեր դպրոցի տնօրենները կապ հաստատեն եւ փորձեն այդ մարդկանց միջոցով «Օգնիր դպրոցիդ» աջակցությունը ստանալ: Բայց մեր որոշ տնօրեններ անհասկանալի ձեւով սկսեցին մեր բոլոր ծնողներից ամեն ամիս կամ տարի մի քանի անգամ «Օգնիր դպրոցիդ» կայքին գումար փոխանցել: Ուրեմն, հարգելիներս, մենք խիստ հետեւողական ենք լինելու: Նման դեպքերում մեր կողմից լինելու է կոշտ արձագանք՝ ով նման ձեւով կազմակերպեց: Նպատակը պարզ էր եւ նպատակը պետք է տանել մինչեւ վերջ: Եթե դպրոցում չկան ծնողներ կամ աշակերտներ, որոնք հաջողությունների են հասել, ուրեմն պետք չի էդ դպրոցում «Օգնիր դպրոցիդ» ծրագիր իրականացնել: Ուրեմն էդ դպրոցը թող հետեւություններ անի՝ ինչի համար իր աշակերտները հաջողության չեն հասել կամ չեն ուզում օգնել այդ դպրոցին: Թող հետեւություններ անեն, դա էլ է ինձ համար գնահատականի չափորոշիչներից մեկը»:
Քաղաքապետը խստորեն զգուշացրեց տնօրեններին՝ նման ձեւով օգնություն չխնդրել դպրոցի համար. «Մեր կողմից քննադատվելու են այն տնօրենները, ովքեր նման մոտեցում կցուցաբերեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ