Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենը վստահեցնում է, որ ինքն ու իր ուսուցիչները ՀՀԿ-ական են դարձել՝ նժդեհյան գաղափարախոսությունից դրդված

Օգոստոս 30,2017 17:37

Այսօր ԿԳ նախարարությունն եւ Երեւանի քաղաքապետարանը Երեւանի հիմնական եւ ավագ դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություն անցկացրեցին, որի ժամանակ ներկայացվեց կրթության ոլորտի խնդիրները, նաեւ «Ուսուցիչ» նախաձեռնությունը:

Նախարարն ասել էր, որ ուսուցչի հեղինակությունն ընկած է եւ խնդիր կա այդ վարկը բարձրացնելու, որպեսզի մարդիկ, որոնք իրենց գյուղում խնդիր են ունենում, դիմեն ուսուցչին, ոչ թե թաղային հեղինակություններին:

Անահիտ Խեչումյան

Մենք Չարենցի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանին հարցրեցինք՝ համաձա՞յն եք, որ ուսուցչի հեղինակությունն ընկած է: Նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ հեղինակությունը համատարած ընկած է: Ես ամեն օր արթնանում եմ լիահույս, որ ուսուցիչը, եթե ուսուցիչ է, ուրեմն արդեն ինքը բավականաչափ խորը անձնավորություն է: Չի կարող այն մարդը, որը խորը չէ, կարողանալ իր մասնիկը հաղորդել ամեն օր իր շրջապատին: Հասարակության մտքի արտացոլումն է՝ արդյոք նա վարկաբեկվա՞ծ է, թե՞ ոչ»:

Ըստ տնօրենի, եթե ուսուցչի սոցիալական վիճակը բարելավվի՝ խնդիրները կլուծվեն: Հարցին՝ ուսուցչի հեղինակազրկմանը չի՞ նպաստում այն, որ ուսուցիչները, տնօրենները համատարած հանրապետականացվում են, ընտրություններին օգտագործվում են՝ նա պատասխանեց. «Ոչ, բացարձակ: Ես չեմ կարծում: Ամեն մարդ իրավունք ունի: Եթե լինի օրենքի այնպիսի կետ, որը արգելի, տնօրենը թող իր ընտրությունը կատարի, ես համաձայն եմ: Որ դպրոցն իսկապես չպիտի լինի կուսակցականացված, դա, իհարկե, այդպես է, սակայն միեւնույն ժամանակ յուրաքանչյուր մարդ ընտրության իրավունք ունի: Իր էությունն ամբողջությամբ նվիրելով դպրոցաշինության գործին՝ կարծում եմ, այդ մարդն այնքան զբաղված է, որ չի կարող խորը իր էության մեջ կարողանա երկակի աշխատանք կատարել: Կան աշխատանքային ժամեր, աշխատանքային ժամին նա կկատարի իր գործառույթները: Իսկ եթե աշխատանքից դուրս որեւէ հետաքրքրություններ ունի եւ չկա այնպիսի մի օրենք, որն արգելում է դա, ապա վստահորեն մենք իրավունք չունենք այդ մարդուն քննադատել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք ՀՀԿ անդա՞մ եք՝ Անահիտ Խեչումյանը պատասխանեց. «Ես եղել եմ ՀՀԿ անդամ եւ շարունակում եմ մնալ, որովհետեւ հիմքում ընկած է նժդեհյան գաղափարախոսությունը, իսկ դուք գիտեք, որ նժդեհյան գաղափարախոսությունը ազգի զարգացման, ազգի ծաղկման շատ կարեւոր պայման է: Ես հայ եմ, սիրում եմ իմ հայ ազգին, ամեն ինչ պատրաստ եմ անել նրա համար, իսկ թե կոնկրետ որ կուսակցությունն իմ կողքին կկանգնի՝ իրականացնելու իմ բոլոր ցանկությունները, ես բնականաբար այդ կուսակցության շարքերում եմ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ձեր դպրոցի ուսուցիչների քանի՞ տոկոսն է այդ գաղափարախոսությամբ տոգորված, բոլորը ՀՀԿ-ակա՞ն են՝ տնօրենը պատասխանեց. «Այո, ես 96-ից աշխատում եմ այդ նույն դպրոցում, իմ ընկերներն են բոլորը, իմ գաղափարակիրներն են: Ես երբեւէ չեմ փորձել իմ գաղափարախոսությունը պարտադրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031