Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանը՝ կինոգործիչներին. Մեր կինոն զարգացնելու քաղաքական որոշումը կա… , ուրեմն, եկեք միասին իրագործենք

Օգոստոս 30,2017 16:51

Այս օրենքն ի՞նչ է տալու հայկական կինոյին. սա էր օգոստոսի 29-ի երեկոյան ամենահաճախն ու ամենաբարձրը հնչող հարցը Հայաստանի մշակույթի նախարարության խորհրդակցությունների սենյակում։ Հայաստանի կինոգործիչները հրավիրված էին կինոյի դաշտը կարգավորող օրենքի նախագծի նախնական տարբերակին առայժմ ծանոթանալու ( մեկ շաբաթում նրանք պետք է ներկայացնեն իրենց գրավոր առաջարկությունները, իսկ օրենքը պետք է ընդունվի մինչև տարեվերջ)։

«Օրենքն ինչ է տալու հայկական կինոյի՞ն. առաջին հերթին՝ կինոարտադրության ենթակառույցների զարգացման հնարավորություն, ինչն, անշուշտ, խթանելու է հայրենական կինոյի զարգացումը։ Ես շատ ուրախ եմ, որ օրինագիծն անվանեցիք «բիզնես-պրոեկտ»։ Այո′, սա հրաշալի նախագիծ է, այս օրենքը խթանելու է կինոյի զարգացումը, իսկ կուտակված գումարն ամբողջովին և անընդհատ ուղղվելու է հայկական կինոարտադրությանը» ,- ասաց նախարար Արմեն Ամիրյանը։

Նախագիծը նախարարի հետ կինոգործիչներին ներկայացրին Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը և օրենքի նախագծի իրավական խորհրդատու Կարեն Ֆիդանյանը։

Օրենքը կարգավորելու է կինոյի դաշտում պետական քաղաքականության սկզբունքները, պետական աջակցության նպատակներն ու ձևերը, նոր ստեղծվող կառույցի՝ ֆիլմերի հանձնաժողովի լիազորություններն ու պարտականությունները, ներդրումների երաշխավորումը, ֆիլմի ցուցադրության, պահպանման, լեզվի ( բնականաբար, հայերենի) պաշտպանությունը, կինոդաշտում թափանցիկ, իրավահավասար, հաշվետու աշխատանքը և այլն։

Հայաստանում օտարերկրյա կինոներդրումները խթանող կարևորագույն դրույթներ են ամրագրված նախագծում, ըստ որոնց, մեր երկրում առնվազն 100 միլիոն դրամի օտարերկրյա կինոներդրում անելու դեպքում պետությունը ներդրողին փոխհատուցում է նրա գումարի 20 տոկոսը։ Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանը ( աշխարհում առաջին երկիրը), այդ փոխհատուցումը կկատարի ոչ թե մեկ տարի անց, այլ անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելուց հետո անմիջապես։

– Այսինքն, պետությունը կինոբիզնե՞ս է անում,-հարցրին։

– Ո′չ, պետությունը կինոարտադրության հնարավորություններ է ստեղծում, -պատասխանեց Արսեն Բաղդասարյանը։

– Ներդրումների գոնե մեկ-երկու տոկոսը գոնե կուղղվի՞ Հայաստանի կինոարտադրությանը։

-Մեկ կամ երկու տոկոսը ո՞րն է,- զարմացավ Արմեն Ամիրյանը,- հարյո′ւր տոկոսն է ներդրվելու Հայաստանի կինոարտադրության մեջ։

Նախարարը կինոգործիչներին տեղեկացրեց, որ կինոյին առնչվող նաև ենթաօրենսդրական և այլ ակտեր են մշակվում ( օրինակ, ֆիլմ հանձնաժողովի կանոնադրությունը), կինոցանցը կարգավորելու, կինոթատրոնների թիվն ավելացնելու, կրթական նոր ծրագրերի նախաձեռնություններ կան… Այս ամենը զուգահեռ իրականացնելով՝ կառողջանա և կզարգանա Հայաստանի կինոն։ Ինչ վերաբերում է օրենքի՝ առաջարկվող նախագծին.

« Մեր կինոարտադրության պայմանները բարելավելու, այն զարգացնելու քաղաքական որոշումը կայացված է։ Միևնույն է՝ իրականացնելու ենք այդ որոշումը։ Ուրեմն, եկեք միասին իրագործենք»։

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031