Այսօր «Մեդիա կենտրոնում» Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնի» մթնոլորտային օդի որակի ուսումնասիրության լաբորատորիայի վարիչ Արփինե Գաբրիելյանն ասաց, որ «Նաիրիտում» բռնկված հրդեհից հետո նմուշառումներ են կատարել եւ ազոտի երկօքսիդի, ծծմբի երկօքսիդի, ընդհանուր փոշու գերազանցումներ եղել են, բայց ոչ այն քանակի, որ մարդու առողջությանը վնասակար լիներ:
Գաբրիելյանը վստահեցրեց, որ ամենօրյա մոնիթորինգ են անում, միայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան է մի փոքր գերազանցում, բայց այն չի գերազանցում իր սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, իսկ ազոտի երկօքսիդի գերազանցում այս պահին չկա:
Ասուլիսին ներկա «Նաիրիտի» նախկին աշխատակից, քիմիկոս Հրաչիկ Միրզոյանն էլ նշեց, որ «Նաիրիտում» հրդեհի ժամանակ արտանետվում էր մեծ քանակությամբ մուր, դա ծուխ չէր. «Թերայրում էր կատարվում, ինչի արդյունքում էլ ծուխ է առաջանում, հետեւաբար պետք է շմոլ գազ, ածխածնի օքսիդ առաջանար: Սակայն անալիզների մեջ այս երկու բաղադրիչը մտած չէ: Բնապահպան նախարարության համապատասխան օղակը այս երկու նյութի անալիզները չի կատարել»:
Պարոն Միրզոյանի դիտարկմամբ՝ «Եթե մենք պահում ենք «Նաիրիտ» կամ Ատոմակայան, ապա մենք պետք է ունենանք այդ օբյեկտների վթարների հետեւանքներից պաշտպանվելու համապատասխան սարքավորումներ, որպեսզի որոշենք՝ որքանով է աղտոտված շրջակա միջավայրը»:
Միրզոյանի խոսքերով՝ պետական օղակները հայտարարում էին, թե՝ լաքէթինոլը վտանգավոր չէ, փոխանակ մարդկանց իրազեկեին, թե լաքէթինոլի թերայրումից ինչ նյութեր են արտանետվում, որքանով են վտանգավոր. «Չի պահպանվել լաքէթինոլի պահպանման կարգը: Եթե լաքէթինոլը կորցրել է իր արժեքը եւ այն թափոն է, ուրեմն՝այլ կերպ պետք է պահպանվի: Ի դեպ, ես թերթեցի կառավարության կողմից հաստատված թափոնների ցանկը, այնտեղ լաքէթինոլը ներառված չէ»:
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանն էլ ասաց, որ առողջապահության նախարարության պահվածքն այդ արտակարգ իրավիճակի պայմաններում տարօրինակ էր. «Հանգիստ վիճակում էին: Հայտարարություն տարածեցին դեպքից 5 ժամ հետո, մինչդեռ խուճապը կանխելու համար պետք է ժամանակին խոսեին»:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ անդրադարձավ արտակարգ իրավիճակներում գերատեսչությունների հանրային կապերի պատասխանատուների աշխատաոճին: Մասնավորապես ԱԻՆ-ի հանրային կապերի ոլորտի պատասխանատուների աշխատանքում, ըստ Մարտիրոսյանի, բազմաթիվ թերացումներ կային: Մեդիափորձագետը հեգնեց ԱԻՆ-ի՝ հրդեհի ծուխը դեպի Թուրքիա է գնալու մամուլի հաղորդագրությունը, նշելով՝ կարող էին գրել Արեւմտյան Հայաստան: Փորձագետը նաեւ նշեց, որ լավ կլինի նման դեպքերում «պրատակոլային» ձեւ լինի, ասենք՝ արտակարգ իրավիճակների ժամանակ ինչպես հաղորդագրություններ կազմել եւ տարածել:
Ինչ վերաբերում է սոցցանցերի օգտատերերի քննադատություններին եւ պետական գերատեսչությունների դրանց հակադարձմանը, թե՝ ինչո՞ւ են մեզ բոլորը խորհուրդ տալիս, Մարտիրոսյանն ասաց. «Վաղուց պետք է հաշտվել դրա հետ. կա սոցցանց ու մարդիկ, որոնք խորհուրդ են տալու: «Մուննաթ» գալ, թե ինչո՞ւ են մեզ բոլորը խորհուրդ տալիս, պետք չի, որովհետեւ կա ինտերնետ, «Վիքիփեդիա» կարող են բացել, կարդալ ու հասկանալ՝ քեզ խաբում են, կամ չեն խաբում»:
Մարտիրոսյանն ասաց, որ օրինակ՝ լաքէթինոլի այրման դեպքում ակնհայտ էր, որ դա մաքուր այրում չէր, հետեւաբար թունավոր նյութեր են արտանետվում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ