Տեղեկացել ենք, որ Վարդգես Գասպարին այցելել է հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի բնակության վայր և բողոքի ակցիա է իրականացրել իր ձեռքին ունենալով Մարինե Թովմասյանի լուսանկարը: Ըստ Գասպարիի, նա ցանկանում է այնպես անել, որպեսզի Մարինե Թովմասյանը չպաշտպանի Ժիրայր Սեֆիլյանին:
Հանրային պաշտպաններս Վարդգես Գասպարիի այս գործողությունն ուղղակիորեն գնահատում ենք, որպես ապօրինի միջամտություն Մարինե Թովմասյանի փաստաբանական գործունեությանը:
Հանրային պաշտպանները գործում են անկախության, օրինապահության, մյուս փաստաբանների հետ իրավահավասարության սկզբունքների հիման վրա, զինված են գիտելիքներով և տիրապետում են փաստաբանական հմտությունների և որևէ մեկի կամակատարը չեն: Նրանց գործունեությունն ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:
Հանրային պաշտպաններն ի տարբերություն մասնավոր գործունեությամբ զբաղվող փաստաբանների՝ իրենք չեն ընտրում իրենց վստահորդներին:
ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 3-րդ կետի բ) ենթակետի համաձայն՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի իրավունք պաշտպանել իրեն անձամբ կամ իր կողմից ընտրված դատապաշտպանի միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայությունների դիմաց վճարելու համար, ունենալ անվճար նշանակված դատապաշտպան:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք:
ՀՀ քրեական դատավարության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք սույն օրենսգրքով նախատեսված կարգով իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն:
ՀՀ քրեական դատավարության 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կասկածյալի, մեղադրյալի կողմից ցանկություն հայտնելու կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, ինչպես նաև սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պարտադիր համարվող դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունք :
Այսինքն, քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է որոշում կայացնել կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին` ելնելով նրա գույքային դրությունից կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը:
Հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործերով հանրային պաշտպան տրամադրում է միայն վարույթն իրականացնող մարմնի (այդ թվում՝ դատարանի) որոշման հիման վրա։
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի կամ որոշման հիման վրա կամ նույն Օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում քաղաքացու դիմումի հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշումը կամ դիմումը բավարարելու և գործը հանրային պաշտպանին հանձնելու մասին կամ հանրային պաշտպանություն իրականացնելու դիմումը մերժելու մասին, երբ այն նախատեսված չէ սույն օրենքի 41-րդ հոդվածով:
Վերը նշված իրավանորմերի համակարգված վերլուծության արդյունքում կարելի է եզրակացնել, որ քրեական գործով հանրային պաշտպան տրամադրվում է միայն վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, այլ կերպ ասած հանրային պաշտպանի գրասենյակն ի կատարումն քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման, պարտավոր է քրեական գործը հանձնել հանրային պաշտպանին:
Հատկանշական է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը վարույթն իրականացնող մարմնի որոշումը մերժելու հնարավորություն չի նախատեսել և ՀՊԳ-ին որոշման հիման վրա միայն «որոշումը բավարարելու և գործը հանրային պաշտպանին հանձնելու մասին» որոշում կայացնելու լիազորություն է տվել: ՀՊԳ ղեկավարը նույն նորմով լիազորված է մերժել վարույթն իրականացնող մարմնի կամ քաղաքացիների դիմումները (ոչ որոշումները):
Հանրային պաշտպանները ներկայանալով դատարան կատարում են իրենց մասնագիտական պարտականությունը՝ ապահովելով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի 11) ենթակետի համաձայն՝ քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է` եթե դատարանը կիրառում է նույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան:
Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությամբ` նրա պաշտպանությունն ստանձնելու պահից:
Պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը և դրա փոխհարաբերությունը մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով կամ անձամբ պաշտպանվելու ինստիտուտների հետ, կարգավորվում են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի գ-կետով։
Գտնում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որոշակիորեն չի կարգավորում, թե որ դեպքում է պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու պետության՝ ի դեմս դատարանի պարտականությունը գերակայում մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով անձամբ պաշտպանվելու իրավունքին:
Հանրային պաշտպանների իրենց կողմից պասիվ պաշտպանություն իրականացնելու փորձը համերաշխության ազդակ էր, որպեսզի մասնավոր գործունեությամբ զբաղվող պաշտպանները ետ վերադառնան և պաշտպանեն իրենց պաշտպանյալներին, մինչդեռ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ միջամտություն է իրականացվում հանրային պաշտպանների փաստաբանական գործունեությանը: Ուստի այսուհետ ևս հանրային պաշտպաններն ընտրելու են իրավական ճանապարհը և ակտիվ պաշտպանություն են իրականացնելու: Այսինքն՝ ծանոթանալու են գործի նյութերին, ներկա են գտնվելու դատարանի դահլիճում և պնդելու են ետ բերել իրենց պաշտպանյալներին դատարանի դահլիճ, միջնորդելու են քննարկել դատարանի դահլիճից ամբաստանյալների հեռացման իրավաչափության հարցը, այն է՝ արդյո՞ք անձամբ պաշտպանվելու իրավունքի իրականացումը կարող է սահմանափակվել դատարանում ամբաստանյալի ոտքի չկանգնելու պատճառով նրան դատարանի դահլիճից հեռացնելով:
Հանրային պաշտպանները հարուցել և հարուցելու են ՝ միջնորդություններ (պահանջներ) քրեական գործի վարույթները կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու պահանջների մասին: Արդյո՞ք ամբաստանյալի դատարանի դահլիճից հեռացված լինելու պարագայում առանց ամբաստանյալի համաձայնության պաշտպանություն ստանձնելը չի հակասում ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքին:
Հանրային պաշտպաններն իրավական ճանապարհով բողոքարկելու են իրենց մասնագիտական գործունեությանը խոչընդոտող գործողությունների դեմ, այդ թվում ապօրինի խուզարկությունների փորձերի դեմ, եթե այդպիսիք կլինեն: Ի դեպ Մարինե Թովմասյանը այն եզակի փաստաբաններից է, ով դատական կարգով բարձրացրել է ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից փաստաբանների զննությունը խուզարկության վերածելու իրավաչափության հարցը: ՀՀ վարչական դատարանի վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի Մարինե Թովմասյանի՝ ընդդեմ ՀՀ քրեակատարողական վարչության (Գործի համար: ՎԴ/3918/05/17) գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է փաստաբանի գործունեության երաշխիքներ: Ընդ որում, արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
Նույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:
Ակնհայտ է, որ Վարդգես Գասպարին սպառնում է իրականացնել և փաստացի իրականացնում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին հակասող գործողություն, այսինքն միջամտում է Մարինե Թովմասյանի փաստաբանական գործունեությանը:
Կոչ ենք անում Վարդգես Գասպարիին զերծ մնալ հանրային պաշտպաններին վարկաբեկող հայտարարություններ և գործողություններ կատարելուց իսկ նրան սատարող լրատվամիջոցներին, չմոռանալ մասնագիտական պրոֆեսիոնալիզմը և դժգոհությունն ու քննադատությունը հայտնել օրենքով չարգելված միջոցներով:
Հանրային պաշտպանի գրասենյակի
Հանրային պաշտպաններ՝
1. Մելանյա Առուստամյան
- Լյուդվիգ Դավթյան
- Էդուարդ Աղաջանյան
- Արա Դավթյան
- Թամարա Բաղդասարյան
- Արմինե Ֆանյան
- Լիաննա Գասպարյան
- Անժելիկա Հակոբյան
- Սյուզաննա Խչեյան
- Մերի Ալավերդյան
- Սիրանուշ Հարությունյան
- Կարեն Մեժլումյան
- Արամ Ղազարյան
- Անուշ Մխիթարյան
- Կարինե Խաչատրյան
- Անժելա Հոբոսյան
- Մարինե Թովմասյան
- Աստղիկ Ղազարյան
- Լուիզա Հարությունյան
- Արմեն Սարգսյան
- Տիգրան Աբրահամյան
- Արմեն Ներսիսյան
- Հայկազ Գալստյան
- Արթուր Սահակյան
- Արմենուհի Ղանդիլյան
- Աննա Մեժլումյան
- Լիաննա Գրիգորյան
- Ցոլակ Մարգարյան
- Կարեն Ստեփանյան
- Գագիկ Ասատրյան
- Սասուն Մխիթարյան
- Սեդրակ Մկրտչյան
- Դավիթ Մնացականյան
- Մարինե Ֆարմանյան
- Էմին Բեգլարյան
- Աննա Ջուվանովա
- Աշոտ Նուրիջանյան
- Աշոտ Խլոյան
- Տաթևիկ Բուջատյան
- Տաթևիկ Շալջյան
- Աննա Տոնոյան
- Նաիրա Համբարձումյան