Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրությունը: Մասնակիցները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում: Ընդհանուր թիմային հաշվարկով հաղթել է Լոռու մարզը, երկրորդը Երևան քաղաքն է, երրորդը՝ Գեղարքունիքի մարզը:
Ըստ մրցաձեւերի բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին ՀՀ նախագահի վկայագրերով և դրամական մրցանակներով, իսկ 1-ից 3-րդ տեղերն զբաղեցրած թիմերին հանձնվեցին գավաթներ և շնորհակալագրեր: Պարգևատրությունները կատարեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը և տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Գևորգյանը:
Մրցույթին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ