Ինչպես տեղեկացրել ենք, ԿԳ նախարարությունը օգոստոսյան խորհրդակցությունների շարք է սկսել՝ կրթության ոլորտի խնդիրները լուծելու համար: Նա ներկայացրել է «Ուսուցիչ» նախաձեռնությունը:
Այսօր էլ նախարար Լեւոն Մկրտչյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցություն ունեցան Երեւանի ավագ եւ հիմնական դպրոցների տնօրենների հետ եւ լսեցին նրան առաջարկությունները:
Հակոբ Կոջոյան կրթահամալիրի տնօրենը նախարարին հարցրեց ուսուցչի թափուր տեղերի մրցույթի մասին. «Դուք մրցույթի կարգում որեւէ փոփոխություն անելո՞ւ եք, թե՞ ոչ, որովհետեւ այս մրցույթի ձեւը չի արդարացնում իրեն: Ուսուցիչը՝ թեկնածուն, գալիս է, հրաշալի հարցաշարը պատասխանում է, շատ լավ մասնագիտական պատրաստված է, բայց ուսուցիչ չէ, միգուցե փորձաշրջա՞ն նախատեսենք»:
Լեւոն Մկրտչյանը պատասխանեց, որ համարյա բոլոր դպրոցներում այդ խնդիրը բարձրացվում է. «Մենք դիմել ենք արդարադատության նախարարություն, ասում են, որ ՀՀ օրենքով պետք է անպայման քննության ձեւ լինի: Հիմա մենք կփորձենք բանավոր քննության հարցաթերթիկով մի փոքրիկ օրենքի պահանջն անենք, բայց ես խորապես համոզված եմ, որ էդ թեստը գրելով՝ ուսուցիչ չի կարելի ընտրել: Իմ անձնական դիրքորոշումն է՝ վստահենք տնօրենին, տնօրենը թող ուսուցչին ընտրի, նշանակի, իրենից էլ պահանջենք, որովհետեւ այսօր տնօրենն ասում է՝ ես որակի համար պատասխան չեմ տալիս, որովհետեւ ինքը թեստը գրում է, գալիս է»:
Նախարարը խոստացավ, որ այս խնդիրը առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է կարգավորեն. «Ուսուցիչների թափուր տեղի կարգի արմատական բեռնաթափում եւ հստակեցում պետք է լինի՝ կոնկրետ պատասխանատվությունը դնելով կրթական պրոցեսի կազմակերպչի՝ տնօրենի վրա: Ինքը թող իր պատասխանատվությամբ այդ խնդիրները կարգավորի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ