«Արցախը երբեք չի եղել Մուսավաթական Ադրբեջանի մաս, հետևաբար չի կարող լինել այսօրվա Ադրբեջանի մաս»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Անդրադառնալով այն պատմական և իրավական նախադրյալներին, որոնք կային 1991-ի սեպտեմբերի 2-ի՝ Արցախի անկախության հռչակման օրվա նախաշեմին` պարոն Մինասյանն ասաց. «Եթե մենք վերհիշենք 1991-ի սեպտեմբերի իրադարձությունները, կտեսնենք, թե ինչ հուսահատություն էր տիրում Արցախում, երբ ադրբեջանական ՕՄՕՆ-ը, խորհրդային զորքերի հետ միասին 1991-ի գարնանն իրականացրին օղակ օպերացիան, և սկսվեց արցախաադրբեջանական պատերազմը: Ադրբեջանական կողմի հովանավորը խորհրդային միության զինվորական ուժերն էին: Օտարի վրա հույս դնելուց հիասթափված ժողովուրդը հիասթափված էր նաև ռուսական կողմից, ուստի ելքի ճանապարհ էր տեսնում սեփական ուժերին ապավինելը և սեփական ուժերով պատմական ճակատագիր կերտելը»:
Պարոն Մինասյանը հիշեցրեց նաև խորհրդային զորքերի միջոցով բնակչության տեղահանումը, հարյուրավոր հայ կանանց, տղամարդկանց, երեխաների սպանությունները, հունիսին 20 հայկական գյուղերի հայաթափման գործընթացը: Այս իրավիճակում, ըստ պատմաբանի`բնական է, որ հայերը հույսը պետք է դնեին սեփական ուժերի վրա. «Նպաստավոր պայմաններ ստեղծվեցին, քանի որ 1991-ի օգոստոսի 30-ին, երբ ակնհայտ էր դառնում խորհրդային պետության փլուզման փաստը, օգոստոսի 19-20-ին հայտնի հեղաշրջման փորձի ձախողումը, դրանից հետո Ադրբեջանի գերագույն խորհուրդն արտահերթ նիստով ընդունեց Ադրբեջանի անկախության վերականգնման հռչակագիրը. նա իրեն անկախ էր համարում խորհրդային միությունից: Նրանց հիմնական նպատակադրումն այն էր, որ Ադրբեջանը հանդիսանալու է Մուսավաթական Ադրբեջանի` 1918-20-ի Ադրբեջանի, ոչ թե խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը: Դա նշանակում էր, որ նրա կազմի մեջ չէր կարող լինել Արցախն ու Նախիջևանը, քանի որ այդ թվականներին երբեք էլ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել»:
Ըստ Էդիկ Մինասյանի` այս իրավիճակում պետք էր շուտ լուծում տալ հարցին, և այս պարագայում կարևոր փաստաթուղթ էր նաև 1990-ի ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ կազմից հանրապետությունների և մարզային կազմակերպությունների, ինքնավար կազմավորումների դուրս գալու մասին օրենքը. «Դրանով սահմանվում էր, որ ԽՍՀՄ կազմից, եթե հանրապետությունը դուրս է գալիս, այդ դեպքում ինքնավար կազմակերպությունը` կլինի մարզային, թե օկրուգային կազմակերպություն, իրավունք ունի այդ պետության կազմից դուրս գալու: Այլ կերպ ասած` օրենքով ամրագրվում էր, որ մարզը կարող է դուրս գալ միութենական հանրապետությունից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ