Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենը դիտողություն արեց, իսկ նախարարի պատասխանը բուռն ծափերի արժանացավ

Օգոստոս 30,2017 15:14

«Պարոն նախարար, չե՞ք կարծում, որ ինչպես ավագ դպրոցների հարցում, այնպես էլ համընդհանուր ներառման հարցում մենք ավելորդ շտապողականություն ենք ցուցաբերում: Ավագ դպրոցների մասով ունենք այն, ինչ ունենք՝ այս շտապողականության պատճառով»,- այսօր ահա այսպես դպրոցներից մեկի տնօրենը դժգոհեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին:

Նախարարը ավագ եւ հիմնական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություն էր հրավիրել՝ քննարկելու «Ուսուցիչ» նախաձեռնությունը եւ կրթական ոլորտի խնդիրները:

Դպրոցի տնօրենն ասաց, որ երկար տարիներ է՝ ներառական կրթության համակարգում ենք, հիմա էլ համընդհանուր ներառական համակարգի ենք անցնում. «Ծրագիրը կա, երբ որ կարդում ենք այդ ծրագիրը, այնպիսի պատկերացում է, որ դա գրել է ներառական կրթությունից հեռու մարդ: Իմ մտահոգությունն այն է, որ մենք ենք լինելու իրականացնողները, այնտեղ կան այնպիսի դրույթներ, որոնք անիրատեսական են եւ թղթի վրա են մնալու: Եթե թղթի վրա են մնալու, ինչի՞ համար գրենք: Ես շատ առաջարկություններ, դիտողություններ ունեմ, որոնք հետագայում իրավական ակտերի ձեւով կարելի է կարգավորել, որ կրթության բարեփոխումների ամենամարդասիրական ծրագիրը հանկարծ չձախողենք: Պարոն նախարար, չե՞ք կարծում, որ այս ծրագիրն իրականացնելու համար լուրջ վերապատրաստում է պետք ե՛ւ տնօրենների, ե՛ւ մանկավարժական կոլեկտիվի համար»:

Լեւոն Մկրտչյանը դիտողությունը լսելուց հետո պատասխանեց. «Եկեք պայմանավորվենք, որ ձեզ մոտ ձեր դիտողությունների հիմքի վրա հրավիրենք ներառական կրթության վերաբերյալ խոսակցություն, ես կմասնակցեմ, որովհետեւ ինձ իսկապես շատ մտահոգում են խնդիրները: Ես ձեր մտահոգությունը ներառական կրթության մասով ամբողջությամբ կիսում եմ, բայց համեմատել ներառականը ավագ դպրոցների հետ, որպես քաղաքականություն, ճիշտ չի»:

Նախարարն ասաց, որ մենք փորձում ենք աշխարհի շատ առաջատար երկրներից առաջ անցնել եւ ժամկետներ էլ նշում ենք նույն ներառականի մասով. «Ես անձամբ դեմ եմ ժամկետներին: Տեսեք, որոշել ենք 2018-ին միջին մասնագիտական կրթությունը բացառել, ինչո՞ւ 18-ին, քաղաքականությունը վերցնենք, երբ որ հնարավորություն լինի…Հիմա ես ինչպե՞ս ասեմ Բակունցն ավարտած 52 տարեկան 25 տարի մանկավարժական ստաժ ունեցող մարդուն, որն ամենալավ դասղեկներից մեկն է, ասեմ՝ գիտես, պիտի գնաս հեռակայում, Մանկավարժականում անպայման մի հատ թղթի կտորը ստանաս, ինքը իր գիտելիքով արդեն ավարտել է»:

Նախարարի այս խոսքերը դպրոցների տնօրեններն ընդունեցին բուռն ծափերով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031