Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում սպանվել է ձեռնարկատեր Կամո Հարությունյանը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Շիշակովին:
Նրա խոսքով՝ երեկ երեկոյան Շինարարների փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել է 36-ամյա գործարարի մարմինը՝ հրազենային վիրավորումով: «Այժմ պարզվում է կասկածյալի ինքնությունը և ակտիվ որոնումներ են կատարվում նրան գտնելու համար»,- ասել է Շիշակովը՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով:
Իրավապահ մարմինների աղբյուրը Lenta.ru-ին պատմել է, որ օգոստոսի 29-ի երեկոյան ձեռնարկատեր Կամո Հարությունյանը մոտեցել է իր տանը և շարժվել շքամուտքի ուղղությամբ: «Այդ պահին նրան է մոտեցել անհայտ անձը: Ականատեսների խոսքով՝ նրանց միջև բարձր տոնով կարճ զրույց է տեղի ունեցել: Այնուհետև անհայտ անձը հանել է ատրճանակը և կրակ բացել՝ արձակելով 10 փամփուշտ»,- ասել է աղբյուրը:
Ստացած վիրավորումից Հարությունյանը տեղում մահացել է, կրակողը փախուստի է դիմել: Ըստ հիմնական վարկածի՝ սպանության պատճառ է դարձել բիզնեսի հարցում առաջացած վեճը. զոհը և մարդասպանը նախկինում ծանոթ են եղել: Այնուամենայնիվ, ստուգվում է նաև այլ հնարավոր դրդապատճառների հավանականությունը:
Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ Կամո Հարությունյանը եղել է Մագնիտոգորսկի հայ համայնքի ղեկավարներից:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ