Կառավարության վաղվա նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վարչապետին կխնդրի իր նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի ննջարանային մասնաշենքն ազատել
այնտեղ ապօրինի բնակվող 9 ընտանիքներից, որոնք տարիներ ի վեր այդ տարածքում են ապրում եւ զբաղեցրել են հոգեկան առողջություն ունեցող քաղաքացիներին հասանելիք մասնաշենքը:
Ըստ Արտեմ Ասատրյանի, նշյալ 9 ընտանիքները շենքը զբաղեցրել են
առանց օրինական հիմքի եւ սեփականատիրոջ թույլտվության, այդուհանդերձ պարոն Ասատրյանը առաջարկում է լուծել նրանց բնակարանային խնդիրը` բնակարանների գնման վկայագրեր տրամադրելով, քանի որ «տարածքից ընտանիքների վտարումը հակասում է սոցիալական պաշտպանության բնագավառում գործող կազմակերպությունների բարոյական նորմերին»: Նախարարի տվյալներով, այսօրվա դրությամբ կազմակերպություն ընդունվելու համար նախարարությունում հաշվառված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շուրջ 50 անձ, միաժամանակ, Խարբերդի մասնագիտացված մանկատանը, որը նախատեսված է մտավոր եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մինչեւ 18 տարեկան երեխաների համար, խնամվում են 100-ից ավելի 18 տարին լրացած անձինք, քանի որ այլ հատուկ հաստատություններում ազատ տեղեր չկան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ