Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր»-ը դատավորին «ընկեր Կասյան» եւ «Լյուդովիկոս 14-րդ» անվանեցին (Տեսանյութ)

Օգոստոս 30,2017 14:33

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով հերթական դատական նիստն էր: Նիստերի դահլիճ չէին բերվել ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը, Պավլիկ Մանուկյանը, Արեգ Կյուրեղյանը, որոնք դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով որոշակի ժամանակահատվածով հեռացված են նիստերից:

Մեկնարկին ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլ», դատավորին դիմեց «ընկեր Կասյան»-ով, ինչի համար դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից սանկցիայի ենթարկվեց՝ նախազգուշացման տեսքով: «Որ ամեն մեկդ տեղից մի ռեպլիկ թողնի, ո՞ւր կհասնի»,-նկատեց Արտուշ Գաբրիելյանը:

Ապա դատավորը քննարկեց ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի եւ Արեգ Կյուրեղյանի համար հանրային պաշտպան ներգրավելու հարցը: Հիշեցնենք, որ նրանց պաշտպանները չեն ներկայանում այն պատճառաբանությամբ, որ դատարանի կարգադրիչներն իրենց ոչ թե զննում են, այլ խուզարկում:

Հանրային պաշտպանի գրասենյակից ներկայացել էր փաստաբան Գարեգին Մարգարյանը: Ամբաստանյալները կարծիք հայտնելուց ասացին, որ չեն հրաժարվում իրենց պաշտպաններից եւ հանրային պաշտպանի ծառայություններից օգտվել չեն ցանկանում:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ամբաստանյալներից Կյուրեղյանն ու Բարսեղյանը սանկցիայի են ենթարկված, իսկ այդ դեպքում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, դատավորը որոշեց ներգրավել Գարեգին Մարգարյանին:

Ընդ որում, Կյուրեղյանի եւ Բարսեղյանի համար ավելի վաղ մեկ այլ հանրային պաշտպան էր նշանակվել՝ Արմինե Ֆանյանը: Երկու հանրային պաշտպան նշանակելու փաստն առաջացրեց մյուս պաշտպանների դժգոհությունը: Դատավորն էլ պատճառաբանեց, թե այս գործն առանձնահատուկ է, «բա որ Ֆանյանին մի բան պատահի»: Փաստաբաններից Նինա Կարապետյանցն էլ զարմացավ. «Այսինքն, նախապես որոշել եք, որ նրան բան է պատահելո՞ւ: Սկսե՞նք անհանգստանալ Ֆանյանի համար»:

Իրավիճակը դուր չեկավ նաեւ ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանին, որը դատավորին ասաց. «Տպավորություն է, որ դատավորը Լյուդովիկոս 14-րդն է ու ասում է, որ ինքն է օրենքը: Դուք չեք օրենքը, պարոն Գաբրիելյան…գուցե ձեզ համա՞ր էլ լրացուցիչ դատավորի ներգրավենք»: Եղիազարյանը եւս նախազգուշացում ստացավ, սակայն շարունակեց տեղից խոսել, ինչի համար դատավորը նրան սանկցիայի ենթարկեց՝ նիստերից հեռացնելով 6 ժամով:

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հաջորդ չորեքշաբթի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031